HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԶԼՄ օրենքի նախագիծ՝ նոր սահմանումներով ու ինքնակարգավորման մեխանիզմներով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ, որի մասին խոսվում է մեկ տարուց ավելի:

Ինքնակարգավորման գաղափարն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենք խթանեն էթիկական չափանիշների պահպանումը՝ դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը: Ստեղծեն ինքնակարգավորման մարմիններ՝ լուծում պահանջող մասնագիտական հարցերը, ընթերցողի կամ հեռուստադիտողի բողոքները քննարկելու համար: Այն նաև հնարավորություն է տալու վեճերը լուծել արտադատական կարգով։

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխության նախագծով՝ հայցվորի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև «ԶԼՄ օրենքով» ճանաչված ինքնակարգավորման միջոցներին դիմելու հանգամանքը: Այսինքն՝ դատարանը պետք է պարզի՝ անձը դիմե՞լ է ինքնակարգավորման մարմնին, թե՞ ոչ, ինչը նշանակում է արտադատական կարգով՝ ինքնակարգավորման մարմնի միջոցով փորձել լուծել վեճը:

Գործող կարգավորումներով նախատեսված է, որ հայց կարող է հարուցվել դատարան վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Այն դեպքում, երբ անձը դիմի ինքնակարգավորման մարմնին, ապա հայց ներկայացնելու համար սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվելու է դիմումի հիման վրա՝ ինքնակարգավորման մարմնի որոշման ընդունումից կամ դիմումի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից ութ ամսվա ընթացքում։

Պարզեցվելու է նաև հավատարմագրումը: Ճանաչված ինքնակարգավորման մարմնին անդամակցող կամ ներքին ինքնակարգավորման մարմին ունեցող լրատվական գործունեություն իրականացնողների լրագրողների հավատարմագրումն իրականացվելու է առանց նախապայմանների:

Նախագծով առաջարկվում է ստեղծել Մեդիա խորհուրդ: Այն լինելու է ինքնակարգավորման միջոցների կամավորության սկզբունքի վրա հիմնված լրատվամիջոցների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն: Խորհուրդն է իրականացնելու ինքնակարգավորման մարմինների և էթիկայի կանոնագրերի ինքնակարգավորման միջոցների ճանաչումը՝ միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստման միջոցով:

Մեդիա խորհուրդն է վարելու նաև հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը:

Այդ թեմայով տարբեր քննարկումների ժամանակ պարզաբանվել է, որ ռեեստրում ոչ թե լրատվամիջոցներին գրանցելու են, այլ լրատվամիջոցն ինքն է ինքնակամ գրանցվելու, որպեսզի տարանջատվի տեղեկատվություն տարածող մյուս գործող սուբյեկտներից: Այդ իսկ պատճառով ներմուծվել է նոր հասկացություն՝ «հանրային իրազեկման միջոց տարածող»: Ըստ նախագծի՝ հանրային իրազեկման միջոց տարածողը լրատվական գործունեություն իրականացնող այն անձն է կամ լրագրողը, որն անդամակցում է ճանաչված ինքնակարգավորման միջոցի կամ ունի այդպիսի միջոց:

Հստակեցվել են նաև խորհրդի ստեղծման ժամկետները: Նախատեսվում է՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահին ՀՀ-ում գրանցված և վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչների կողմից եռամսյա ժամկետում ձևավորել ինքնակարգավորման միջոցների ճանաչման և Մեդիա խորհրդի ձևավորման հանձնաժողով: Իսկ հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում մշակվում և հրապարակվում են Էթիկայի կանոնագրի օրինակելի դրույթները, ինքնակարգավորման միջոցների օրինակելի չափանիշներն ու պահանջները՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներիի հիման վրա:

Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրելու է Հայաստանում գործող ինքնակարգավորման միջոցների և էթիկայի կանոնագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պահանջներին, որոնց համապատասխանության հավաստման դեպքում համապատասխան միջոցի անդամակցող կամ նման միջոց ունեցող լրատվական գործունեություն իրականացնող անձը կամ լրագրողը համարվելու է  հանրային իրազեկման միջոց տարածող:

Նշված գործողությունները կատարելուց հետո` վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը ձեռնարկելու է Մեդիա խորհրդի ձևավորման համար բոլոր անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները, որի ձևավորման պահից էլ հանձնաժողովի գոծունեությունը դադարելու է:

Հստակեցվել է նաև, թե ով է լրագրողը, լրատվամիջոցը: Գործող օրենքով  լրագրողը լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը, որը վերջինիս հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա փնտրում, հավաքում, ստանում, պատրաստում, խմբագրում է տեղեկատվությունը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ լրագրողը լրատվական գործունեություն իրականացնողի համար մասնագիտական գործունեության կամ պարբերական հիմունքներով տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացում ներգրավված ֆիզիկական անձ է:

Ի՞նչ սպասելիքներ ունի Արդարադատության նախարարությունը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ: Արդարադատության նախարարության հիմնավորումն այն է, որ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգը առաջին հերթին օգտակար է հենց մամուլի համար: Խթանելով էթիկական չափանիշները՝ ինքնակարգավորումը օգնում է պահպանել լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորումն օգնում է համոզել հասարակությանը, որ ազատ լրատվամիջոցները անպատասխանատու չեն։ Միևնույն ժամանակ, ինքնակարգավորումը պաշտպանում է լրագրողների՝ անկախ լինելու իրավունքը, քանի որ վերջիններիս կողմից թույլ տրված հնարավոր խախտումները քննվում են ոչ թե պետական իշխանության, տվյալ դեպքում՝ դատարանների կողմից, այլ իրենց գործընկերների կողմից: Այսպիսով, ինքնակարգավորման համակարգը նվազեցնում է պետության միջամտությունը մեդիա ոլորտում»,- նշված է նախագծի հիմնավորումների մեջ:

Նախագծի հեղինակները մատնանշել են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչի առանձնացրած՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հինգ պատճառները: Մասնավորապես, ինքնակարգավորման համակարգը.

  1. պահպանում է խմբագրական ազատությունը,
  2. օգնում է նվազագույնի հասցնել պետության միջամտությունը,
  3. նպաստում է բարձրացնել լրատվամիջոցների որակը,
  4. վկայում է լրատվամիջոցների պատասխանատվության մասին,
  5. օգնում է լրատվամիջոցներին ընթերցողների հասանելիությունը:

Նախագծի կարևորությունը հիմավորելու համար հեղինակները մեջբերել են նաև միջազգային փորձը: Օրինակ, Դանիայում ինքնակարգավորումը ճանաչվում է օրենքով և պարտադիր է: «Մեդիայի պատասխանատվության մասին» ակտը սահմանում է, որ լրատվամիջոցների բովանդակությունը և վարքագիծը պետք է համապատասխանեն մամուլի ընդհանուր էթիկային: Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել համապատասխան լրատվամիջոցներին կամ ուղղակիորեն Դանիական մամուլի խորհրդին։ Ակտի գործողության ներքո հայտնվելու համար մամուլի ձեռնարկությունները պետք է գրանցվեն Մամուլի խորհրդում:

Իսկ Բելգիայում մեդիախորհրդին միանալը նախապայման է պետական սուբսիդիաներ ստանալու համար: 

ախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության, ինչպես նաև «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի փորձագետների խորհդատվական մասնակցությամբ: Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որով նախատեսվում է զանգվածային լրատվության մասին օրենսդրության մեջ արդի զարգացումներին համապատասխան արտացոլել միջազգային լավագույն փորձը:

Նախագիծը լուրջ ուսումնասիրության կարիք ունի 

2022թ. ապրիլի 19-ին Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն համագործակցության հուշագիր ստորագրեցին մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։ Սակայն այս նախագծի մշակմանը այդ կազմակերպությունները գործուն մասնակցություն չեն ունեցել։

Փորձագետ Գևորգ Հայրապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի նախագծին նախորդել են աշխատանքային քննարկումներ, որին մասնակցություն չի ունեցել։ Նա նշեց, որ նախագիծը կարճ ժամանակում է մշակվել, ու դեռ առիթ չեն ունեցել հենց նախագծի տեքստի վրա աշխատելու: Սակայն Արդարադատության նախարարության հետ քննարկել են այն սկզբունքները, որոնցով ակնկալում էին, որ կգրվի նախագիծը։

«Առերեւույթ՝ առաջին հայացքից նախագիծը պետք է արտացոլի այն, ինչ քննարկվել է աշխատանքային կարգով։ Բայց նախագիծը դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի՝ հատկապես մասնագիտական լրագրողական ու իրավապաշտպան հանրույթի, ՀԿ-ների կողմից: Ոլորտն այնպիսին է, այնքան զգայուն է, որ նախագծում ընտրված տերմինները, ձևակերպումները չպետք է թյուրըմբռնումների կամ խոսքի ազատության կամ լրագրողական ազատության սահմանափակման թեկուզ տեսական հնարավորություն ստեղծեն»,- ասում է Գևորգ Հայրապետյանը:

«Հետքը» փորձեց Արդարադատության նախարարությունից ճշտել նախագծի հապճեպ մշակման պատճառը, սակայն նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը գործուղման էր։

«Հետքը» հաջորդիվ կներկայացնի նախարարության եւ մեդիա համայնքի տեսակետը նախագծի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter