HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պորոշենկոյին դարձյալ թույլ չեն տվել լքել Ուկրաինան

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին թույլ չի տվել լքել երկրի սահմանները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում անձամբ հայտնել է քաղաքական գործիչը։ 

«Ես ունեմ գործուղման մասին Գերագույն ռադայի նախագահի կողմից ստորագրված փաստաթուղթ, սակայն սահմանապահներն ինձ բաց չեն թողել։ Ես չեմ կարծում, որ սահմանապահները գործել են սեփական նախաձեռնությամբ։ Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն կռահել, թե ով է չեղարկել խորհրդարանի խոսնակի ստորագրած փաստաթուղթը»,- հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահը։ 

Պորոշենկոյի խոսքով՝ նա պատրաստվում էր մեկնել ԱՄՆ և Լեհաստան, որտեղ տասնյակ հանդիպումներ էին նախատեսված: 

«Լեհերի հետ պետք է խոսեի սահմանին մեր փոխադրողների արգելափակումը վերացնելու մասին։ Ամերիկացիների հետ՝ <...> ապագա ֆինանսավորման ապահովման մասին: Եվ առանց դրա մենք չենք կարող հաղթել Ռուսաստանին»,- գրել է Պորոշենկոն։ 

Նախկին նախագահը հստակեցրել է, որ, մասնավորապես, խափանվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայքլ Ջոնսոնի հետ իր հանդիպումը: Ուկրաինայից դուրս գալու մերժումը Պորոշենկոն անվանել է «հակաուկրաինական դիվերսիա»։

«Դա պարզապես խոչընդոտ չէ իմ ամբողջ թիմի դիվանագիտական աշխատանքի համար։ Այլ, ցավոք, հարված Ուկրաինայի պաշտպանունակությանը», - եզրափակել է ուկրաինացի քաղաքական գործիչը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինական սահմանապահ ծառայությունը թույլ չի տալիս նախկին նախագահին լքել Ուկրաինայի տարածքը։ Այսպես, անցած տարվա մայիսին նա չի կարողացել մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հատել սահմանը։ Պորոշենկոյի դեմ Ուկրաինայում մի շարք քրեական գործեր են հարուցվել, այդ թվում՝ պետական դավաճանության, օֆշորների միջոցով հանցավոր եկամուտների օրինականացման, փողերի լվացման և սահմանադրական հեղաշրջման փորձի հոդվածներով:

Լուսանկարը՝ Jim Watson/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter