«Հրապարակ». գլխավոր հարցը նախագահականն է
Հուլիսի 5-ին տեղի կունենա ՀՅԴ Գերագույն ժողովը. այս օրերին ընթանում են կոմիտեությունների ներկայացուցչական ժողովները մարզային կառույցներում: Որպես օրինաչափություն, ՀՅԴ ժողովները միշտ էլ աչքի են ընկել ոչ միայն իրենց փակ, այլև անչափ հետաքրքիր օրակարգով:
Սակայն հուլիսի 5-ի Գերագույն ժողովը կարող է առանցքային դառնալ ՀՅԴ-ի համար, որովհետև ներքին խնդիրների կողքին՝ Ղարաբաղ, Ջավախք, խորհրդարանական ընտրությունների ամփոփում, կա սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը, որից էլ ածանցվելու են բոլոր մնացած խնդիրները:
Այն է՝ Հրանտ Մարգարյանի և Վահան Հովհաննիսյան-Արմեն Ռուստամյան թևերի միջև առկա հարաբերությունների վիճարկելի հարցերը, այդով պայմանավորված՝ նաև ղարաբաղյան ընտրություններին Վիտալի Բալասանյանի շուրջ տեղծված իրավիճակը: Ինչպես նաև, փոխվո՞ւմ է ՀՅԴ ղեկավար կազմը, թե՞ ոչ:
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը՝ ԳՄ-ն, դժգոհ է Բյուրոյից, և այդ տարաձայնություններն իրենց արտացոլումն են ունենալու ԳԺ-ի աշխատանքներում:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ՀՅԴ «վարքագծին», ապա ՀՅԴ-ից «Հրապարակին» տեղեկացրին, որ Վահան Հովհաննիսյանն այս անգամ հաստատ նախագահի թեկնածու չի լինելու:
Կարծիքները կիսվում են. հրանտմարգարյանական թևը հարկված է այն կարծիքին, որ ՀՅԴ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա, Արմեն Ռուստամյանին հարող թևը հակված է առավել արմատական լուծումների, ինչպես դաշնակցականներն են ասում, հակված է դեպի Ռոբերտ Քոչարյան: Չի բացառվում՝ ՀՅԴ-ն որոշի, որ թեկնածու չի առաջադրելու: Իսկ թե այդ դեպքում ում կպաշտպանի, կկայացվի իրավիճակային որոշում:
ԳԺ-ն, ինչպես միշտ, կանցկացվի Ծաղկաձորում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել