«Հայկական ժամանակ». «սրտաճլմիկ» ներկայացում
Երեկ երեկոյան նախագահական նստավայրում բեմադրվեց «Ռուբեն Հայրապետյանի հրաժարական» ներկայացումը: Ռուբեն Հայրապետյանը ժամը 20-ին մոտ դուրս եկավ նախագահականից, լրագրողներին ոչ մի մեկնաբանություն չտվեց, ասաց միայն, որ շուտով հայտարարություն կտարածվի, և ուղիղ 20 րոպե անց հրապարակվեց սրտաճմլիկ մի հայտարարություն՝ «ես սգում եմ» թեմայով:
Հայտարարությումբ Ռուբեն Հայրապետյանը ազդարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Այսպիսով, հանրային պահանջի մի մասը կարելի էր կատարված համարել, եթե չլինեին մի քանի կոպիտ նրբություններ:
Նախ, որպեսզի Հայրապետյանը զրկվի իր վայր դրած մանդատից, պետք է որոշակի իրավական գործընթացներ իրականանան… Այնպես որ, բացառված չէ, որ նա մանդատից զրկվի միայն սեպտեմբերի վերջին: Եթե այդ ընթացքում նա, իհարկե, չփոշմանի:
Իսկ դա նույնպես շատ ուշագրավ պահ է: Խնդիրն այն է, որ փոշմանելու հարցում նրան հավասար դժվար թե գտնվի: Երևի չեք մոռացել, որ նա հրապարակավ հայտարարել էր, թե պատգամավորության թեկնածու չի առաջադրվելու: Հետո փոշմանեց, իբր՝ Լֆիկ Սամոն համոզեց, և ինքն առաջադրվեց:
Հետո հրապարակավ հայտարարեց, թե պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 10 տեղում ընդգրկված թեկնածուներից յուրաքանչյուրի հետ: Հետո՝ երբ առաջարկը ընդունվեց, նա փոշմանեց:
Մի խոսքով, բացառված չէ, որ ի վերջո, ասենք, Լֆիկ Սամոն նրան կրկին համոզի փոշմանել և մանդատից չհրաժարվել:
Բացառված չէ նաև մեկ այլ տարբերակ: Մի քանի ամիս անց Ռուբեն Հայրապետյանը կնշանակվի նախարար կամ, ասենք, վարչապետ: Այսօր դա աբսուրդ է թվում, բայց Գագիկ Բեգլարյանն էլ հայտնի պատմությունից հետո հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, իսկ հիմա ՀՀ կապի և տրանսպորտի նախարարն է:
Բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ մանդատը վայր դնելու Հայրապետյանի որոշումը արդեն իսկ նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, ու «Հարսանքարի» դեպքով ընթացող նախաքննությունը նույնիսկ չի էլ փորձի պարզել՝ Ռուբեն Հայրապետյանը ռազմաբժիշկներին ծեծելու հրահանգ տվե՞լ է, թե՞ ոչ:
Այս հարցը արդեն փակ է, և դա կասկածից վեր է: Համենայն դեպս, հաշվարկն այն է, որ «Հարսնաքարի» դեպքով պայմանավորված հանրային վրդովմունքը այս հրաժարականով կմարի, իսկ Նեմեցը առաջվա պես կբուծի իր բանդեռլոգ ախրաննիկներին ու պետք եղած ժամանակ քսի կտա ում վրա վրա ուզենա, և դրա համար պատգամավորի մանդատ նրան պետք չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել