HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական գերատեսչությունները Սևանի համար իրար հետ բավարար չեն համագործակցում

Հայաստանի պետական գերատեսչություններն իրար հետ բավարար չեն համագործակցում: Այսպիսի եզրահանգումներ արեցին երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրները և EU4Sevan ծրագրի գործողությունները քննարկող մասնակիցները: 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրը հասուն փուլում է, կա բավական առաջընթաց, մշակվել է տեսլականը, ռազմավարությունը, արդեն գնում են դեպի Սևանի մասին օրենքը, որն առանցքային է: Հովհաննես Ղազարյանը շեշտեց, որ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը կարևոր է, քանի որ Սևանի կառավարումը հնարավոր չէ առանց գիտական որոշումների: 

«Մենք բոլորս և անձնականորեն, և մասնագիտորեն շփվում ենք Սևանի հետ, և բոլորս էլ հասկանում ենք, որ Սևանը ունի խնդիրներ, և բոլորս պետք է քննարկենք ու լուծումներ գտնենք: EU4Sevan-ը բոլորիս մի սեղանի շուրջ է համախմբել, որպեսզի մենք հասկանանք խնդիրները և փորձենք լուծումներ տալ»,- իր ելույթում նշեց Քրիստիան Հենշելը, ով ղեկավարում է EU4Sevan-ի թիմը: 

Նա կարևորեց նմանատիպ քննարկումները, քանի որ անցած հանդիպմանը, օրինակ, հասկացել են, որ ֆոսֆորի կիրառումը Սևանա լճի շրջակայքում պետք է կրճատել:          `

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Աստղիկ Դանիելյանը ևս նշեց, որ միջոլորտային համակարգումը բարելավելու խնդիր կա, քանի որ Սևանը բոլոր ոլորտներին է առնչվում:

Վերջինս իր ելույթում հայտարարեց, որ այս պահին մշակվում է Սևան ազգայի նպարկի կառավարման պլանը: Կառավարման պլանը սևագիր վիճակում գրեթե պատրաստ է, բայց կան մի շարք հարցեր, որոնք թույլ չեն տվել ամփոփել այն: Այստեղ նա առանձնացրեց սահմանազատումը. բարդ է մեկտեղել համայնքները, Կադաստրի կոմիտեն, ՇՄՆ-ն, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները: Սահմանների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, քանի որ կան կոնֆլիկտային հարցեր:

Աստղիկ Դանիելյանը տեղեկացրեց, որ Սևանա լճի ռազմավարությունն ավարտին կմոտենա 2024թ. գարնանը:

Սևանա լճի մասին օրենքի վերանայումը հաջորդ քայլն է: Այս պահին օրենքի վերանայման գործընթացը մրցութային փուլում է:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ պլանավորմանը, ապա աշխատում են ջրի մակարդակի բարձրացման համապարփակ ուսումնասիրության վրա: Որպեսզի այդ աշխատանքները լինեն գիտահեն և տվյալահեն, ակտիվ համագործակցում են շահագրգիռ կողմերի հետ և աշխատում են, որպեսզի կրկնություններ չլինեն: Երբ սեղանին դրվի համապարփակ գնահատումը, դրանից ելնելով՝ կմշակվի ճանապարհային քարտեզ:

Տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում հեղեղված տարածքների մաքրման համար, որը Աստղիկ Դանիելյանն արդյունավետ է համարում:

Մեխանիկական մաքրումը բավարար չէ

ԳՄՀԸ (GIZ)-ի ներկայացուցիչ Էդգար Փիրումյանն անդրադարձավ կեղտաջրերի կառավարմանը, որը Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառն է համարվում: Փիրումյանն առանձնացրեց այն որպես հիմնական խնդիր և նշեց, որ մեխանիկական մաքրումն, այնուամենայնիվ, լիարժեք չի իրականացնում իր գործառույթը, հետևաբար անհրաժեշտ է կենսաբանական մաքրում:

«Արտահոսքը դեպի Սևանա լիճ ցրված է, աղտոտումն անկառավարելի է»,- կարճ որակեց Էդգար Փիրումյանը:

Վերջինս օրինակ բերեց Կապան քաղաքը, որի միայն 50 տոկոսն է կոյուղացված, մնացած կեղտաջրերը լցվում են դրենաժային ցանցեր կամ քաղաքին մոտ գետեր: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինը շատ հաճախ չի իրականացնում կամ չգիտի ինչպես կառավարել կեղտաջրերը:

Օրինակ` Գավառի համայնքապետարանի, ՇՄՆ-ի և մարզպետարանի համագործակցությամբ բացահայտվել են մի քանի թեժ գետեր, որտեղից կեղտաջրերն արտահոսում են Գավառագետ:

ԳՄԸՀ-ի մյուս ներկայացուցիչը` Հովիկ Սայադյանն անդրադարձավ պարարտանյութերի կառավարմանը: Վերջինս, մասնավորապես շեշտեց, որ Սևանա լճի հիմնական աղտոտիչներից մեկը նաև գոմաղբն է, որը տարբեր հատվածներից հավաքվում և գետերի միջով հասնում է Սևանա լիճ:

Գոմաղբի կառավարումը, ըստ բանախոսի, պահանջում է ռազմավարական քայլերի ձեռնարկում: Դրանք մշակելը հաջորդ հիմնական խնդիրն է:

Համայնքների մակարդակում իրականացված գործողությունների մասին պատմեց Վարազդատ Սարգսյանը, որը EU4Sevan-ի մարզային` Գավառի գրասենյակի ներկայացուցիչն է: Նա նշեց, որ Գավառ խոշորացված համայնքում` պետական, համայնքային և ՏԻՄ ներկայացուցիչները միասին փորձել են համախմբել ուժերը և հասկանալ, թե տեղական մակարդակում ինչ խնդիրներ կան: Կան աշխատանքային խմբեր, որոնք հանդիպում և տեղում քննարկում են խնդիրները, որոշ գործողություններ են նախաձեռնում:

Սակայն այստեղ էլ արդեն առանձնացվել են խնդիրներ։ Ըստ Վ. Սարգսյանի՝ մարդկանց շրջանում նկատելի է անտարբերությունը: Այսինքն` նրանք արձանագրում են, որ Սևանի խնդիրը կա, սակայն քչերն են արձագանքում և պատրաստակամություն հայտնում ինչ-որ գործողություններ անել այդ խնդիրները լուծելու համար:

Ավելին, կա իրազեկվածության և բնապահպանական վարքագծի բացակայություն: Վարքագծի փոփոխության կարիք կա համայնքներում: Անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք է նկատվում:

Սևանա լճի հանձնաժողովը ղեկավարող Բարդուխ Գաբրիելյանն ակնկալում էր, որ որոշակի հստակ արդյունքներ կներկայացվեն այս քննարկմանը, առաջարկներ և քննադատություններ կհնչեն: Ըստ նրա՝ նոր բան մասնակիցներն այնքան էլ չեն ներկայացրել:

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ով նաև հանձնաժողովի անդամ է, հիշեցրեց, որ տասնամյակներ խոսվում է այս խնդիրների մասին, բայց դրանց լուծումների համար ոչ մի բան չի արվել:

«Քանի կմ կոյուղի է կառուցվել, քանի մաքրման կայան է տեղադրվել, քանի տոննա լվացքի փոշի է փոխարինվել անվտանգ փոշիով: Ամեն տարի պետք է նմանատիպ հանդիպում կայանա, որտեղ հստակ կխոսվի այս ամենի մասին»,- կարծում է Խ. Մելիքսեթյանը:

Սևանն ու Կոնստանցը` նույն պատմությամբ. 60 տարի առաջ Գերմանիայում նույն իրավիճակն է եղել

Լեյբնիցի անվան քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ներքին ջրերի ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ, բնապահպան Մարտին Փուշը քաջալերեց քննարկման մասնակիցներին Գերմանիայի փորձով: Ըստ նրա` Սևանա լճի բոլոր խնդիրները լուծելի են:  «60 տարի առաջ մենք Գերմանիայում ունեինք նույն իրավիճակը, ինչ դուք ունեք այստեղ. գետերն աղտոտված էին, լճերը` ծաղկած: Ունենք մեկ օրինակ, որը շատ նման է Սևանի խնդրին»,- պատմեց Մարտին Շուլցը Կոնստանցի լճի մասին, որը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի սահմանին է: Այն օգտագործվում էր 10 մլն մարդու, ինչպես նաև տարածաշրջանի գյուղատնտեսության համար, տուրիստական կենտրոն էր, ինչպես նաև խիտ բնակեցված շրջակայք ուներ: Մինչև 1978թ. ֆոսֆորի պարունակությունը տասնյակ տարիներ շարունակ աճում էր, 1980-ից սկսած ֆոֆորի պարունակությունը կրճատվել է: Կոնստանցի փրկության լավագույն լուծումը եղել է կոյուղաջրերի մաքրման կայաններ և կոյուղատարեր կառուցելը:

«Կոյուղաջրերի մաքրման կայանները պետք է լինեն ոչ միայն մեխանիկական, այլ նաև կենսաբանական: Գյուղատնտեսության արդյունքում լճի աղտոտում նույնպես կար, նույնիսկ Գերմանիայի կառավարությունը ԵՄ հանձնաժողովի կողմից իմպիչմենտ ստացավ, և դրա լուծումներից մեկը եղավ այն, որ գյուղատնտեսության սուբսիդավորման գործընթացը կախված էր իրականացման պայմաններից»,-շարունակեց բանախոսը:

Այնտեղ յուրաքանչյուր ֆերմեր, ով ուզում էր սուբսիդավորում ստանալ, պետք է նյուտրիգենների և տարբեր քիմիական տարրերի բալանսավորվածություն ունենար: Պետք է ներկայացներ, թե որքան տարբեր պարարտանյութեր են ստեղծվում այդ գործունեության արդյունքում, որքանն է օգտագործվում, և ուր են դրանք գնում, և նա պետք է ապացուցեր, որ օգտագործված մթերքները համապատասխանում էր օրենքում նշված սանդղակին, ջրօգտագործողները պետք է կատարեին այն վճարումները, որոնք ստեղծվում էին ջրի օգտագործման արդյունքում, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման արդյունքում:

Դասեր չքաղելու ֆենոմենը

Քննարկումների ժամանակ հանձնաժողովի անդամ Վոլոդյա Նարիմանյանը կարծիք հայտնեց՝ փաստորեն, փորձը ցույց է տալիս, որ 3 նախնական մեխանիկական կայան ունենալու փոխարեն մեկ կենսաբանական կայան ունենալն ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ: Մինչդեռ նորից խնդիր է դրվել Գավառում մեխանիկական կայան կառուցելը: «Կարծես թե մենք դասեր չենք քաղում»,- ասաց Նարիմանյանը:

Էդգար Փիրումյանը համաձայնեց, որ կենսաբանական մեկ կայանի կառուցումն ավելի արդյունավետ է, բայց նշեց, որ խնդիրներ կան, օրինակ` դա շատ թանկ կարժենա, խոսքը 3-4 մլն դոլարի մասին է:

«Պարզ է, որ մեխանիկական մաքրումն առանձնապես արդյունավետ չէ, կենսաբանականը շատ թանկ է, ինչու աէրացիոն մաքրում չենք ներդնում, ինչու այլընտրանքային միջոց չենք ձեռնարկում»,- մասնակիցներին հետագա քննարկման համար հարց ուղղեց Բարդուխ Գաբրիելյանը:

Իսկ քննարկումներ դեռևս կլինեն: EU4Sevan ծրագիրը դեռևս չլուծած առաջադրանքներ ունի:  Թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը շեշտում է, որ չնայած այս ամենին, ծրագիրն իրապես առաջընթաց գրանցել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter