HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին, «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության անձնակազմը կանչով մեկնել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է նույն հասցեի 93-ամյա բնակչուհու դին՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով:

«Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ տարեց կնոջը սպանել և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել է նույն գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Դեկտեմբերի 1-ին՝ երեկոյան, Երևան քաղաքում վերջինս ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։ Աջ ձեռքի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքի կապակցությամբ երիտասարդը հայտարարել է, որ այն ստացել է տարեց կնոջը հարվածելու հետևանքով:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա երիտասարդին ձերբակալելու մասին, ով տվել է խոստովանական ցուցմունք՝ ընդունելով իր կողմից տարեց կնոջը ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելու հետևանքով սպանելու և վերջինիս պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակելու հանգամանքը:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որպես վկաներ հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter