HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր, սև, սպիտակ»՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի անհատական ցուցահանդեսում

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Կարմիր, սև, սպիտակ» անհատական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացման ամսաթիվը  պատահական չէ՝ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Նազիկ Արմենակյանի նախագիծը ՄԻԱՎ-ով ապրող տարբեր տարիքի հայ կանանց մասին է։

Սովորական և շատ դեպքերում ավանդապաշտ ընտանիքներից այս կանայք բախվում են ոչ միայն ՁԻԱՀ-ի՝ կյանքին սպառնացող վտանգին, այլև արժանանում հասարակական մեծ խարանին։

Այս կանայք ՄԻԱՎ-ով վարակվում են իրենց ամուսիններից, որոնք իրենց հերթին վարակվել են Ռուսաստանում արտագնա աշխատանքի ժամանակ։ Լուսանկարիչն ասում է, որ շատ դեպքերում տղամարդիկ տեղյակ չեն իրենց կարգավիճակի մասին, կան դեպքեր, երբ կանայք հղիության ընթացքում են պարզում վարակված լինելու փաստը։

Արմենակյանը պատմում է, որ թեմայով սկսել է հետաքրքրվել դեռ 2014-ին և տարիների ընթացքում իր հետաքրքրությունը ավելի է մեծացել, նա սկսել է ավելի խորը հետազոտել թեման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ աշխատող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության աջակցության միջոցով Արմենակյանը ծանոթացել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող կանանց հետ, մասնակցել է նրանց խմբային քննարկումներին, հարցազրույցներ է արել և շփվել  նրանց հետ։

Նախագծի վրա աշխատելու ընթացքում Արմենակյանը բախվել է տարբեր  մարտահրավերների՝ փակ թեման վիզուալիզացնելու շուրջ երկար մտածելուց հետո որոշել է տարբեր կտորների միջոցով փակել կանանց դեմքերը։

«Ես հասկացա, որ լուսանկարելուց պիտի փակեմ այդ կանանց դեմքերը՝ շատ տարբեր կտորներով ու նյութերով։ Լուսանկարելու պրոցեսը բարդ էր՝ դու քո դողացով ձեռքերով փակում ես այդ կանանց դեմքերը, բայց իրականում դա ոչ թե գեղարվեստական ֆիլմի նկարահանում է կամ վիրահատություն, այլ լուսանկարչական պրոցես։ Իրականում շատ գեղեցիկ և մտերիմ, բայց և շատ ծանր պրոցես է։ Որովհետև երբ դու արհեստականորեն փակում ես մարդու դեմքը, նա շատ լավ պիտի հասկանա, թե ինչու է գալիս այդտեղ, ինչու է նկարվում, ինչու է համաձայնում մասնակից լինել այդ ծրագրին»,- պատմում է լուսանկարիչը։ 

Ամեն լուսանկարը զուգորդված է լուսանկարված կնոջ կյանքի պատմությունով։ Տեքստում կանանց վկայություններն են, նրանք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ, ինչպես են իրենք իմացել ՄԻԱՎ կարգավիճակի մասին և ինչ ապրումներ են ունեցել։ 

«Հանդիսատեսը տեսնում է այդ դիմանկարները, լուսանկարները, որոնք շատ նրբագեղ են, էսթետիկ են, բայց հետո կարդում է զուգորդող տեքստը, որը չափազանց իրական է, չափազանց ճանաչելի, չափազանց վախենալու է»,- ասում է նախագծի համադրող Վիգեն Գալստյանը։ 

Նախագիծը միայն ՄԻԱՎ-ի մասին չէ, այն բազմաշերտ է, քանի որ նախագծում արծարծվում են հայ հասարակությունում ավանդույթների, դաստիրակության, ընտանեկան բռնության և ամոթի թեմաները։

«Ես հասկացա, որ այս ամենն ամոթի շուրջ է։ Որ կանայք ամաչում են ասել, որ եթե իրենց ամուսինը վերադարձել է Ռուսաստանից, ուրեմն պիտի ստուգվի, կամ եթե ամուսնանում են Ռուսաստանում երկար տարիներ աշխատած տղամարդու հետ, պիտի խնդրեն, որ ամուսինը թեստ անցնի։ Ամոթ է խոսել դրա մասին, ամոթ է ասել իրենց ծնողներին, երեխաներին։ Ես զուգահեռ հետազոտում էի նաև հայկական ծեսերն ու ավանդույթները, թե կինը որտեղ պիտի լինի։ Օրինակ՝ երբ երիտասարդ աղջիկն ամուսնանում էր, կար այդպիսի սովորություն, որ իրեն տալիս էին գերան, հետո տիկնիկ ու ասում՝ հենց նեղը  ընկնես, ոչ մեկին մի պատմի, պատմի գերանին կամ տիկնիկին։ Այս առումով զուգահեռները շատ էին»,- ասում է լուսանկարիչը։

Ըստ ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանի՝ լուսանկարների էսթետիկական բնույթը ծառայում է որպես հաղորդակցման տարածք, որտեղ ուրիշների տրավման չի շահարկվում մեր հուզական վերապրումների համար, այլ առաջարկում է փոխըմբռնման մի միջոց, որից սովորաբար զուրկ են թե՛ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թե՛ լայն հանրությունը։

Թեմայի ծանրությանը զուգահեռ Արմենակյանը նպատակ է ունեցել ցույց տալ կանանց ուժը։

«Նախագծում կան կանայք, որոնք գտնում են, որ ՄԻԱՎ-ը ուղղակի քրոնիկ հիվանդություն է, իրենք խմում են իրենց դեղերը և շարունակում են լիարժեք ապրել ՄԻԱՎ-ով, ամուսնանալ, երեխա ունենալ, աշխատել, ստեղծագործել, հասարակության լիարժեք անդամ են։ Այս առումով դու չես կարող ներկայացնել միայն դժբախտությունը կամ ցավը, որովհետև սևը վերածվում է սպիտակի»,- ասում է Արմենակյանը։ Այստեղից էլ բխում է ցուցահանդեսի վերնագիրը։

Ցուցադրությունը բաց կլինի դեկտեմբերի 1-ից 29-ը:

Լուսանկարները Գայանե Հարությունյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter