HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ՝ կողմերը «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի շրջանակում։

«Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության, մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter