Մակրոնն Իսրայելին կոչ է արել վերանայել պատերազմում իր նպատակները
Գազայի հատվածում պատերազմը «հասել է մի կետի, որ Իսրայելի իշխանությունները պետք է առավել ճշգրիտ որոշեն իրենց նպատակն ու ցանկալի արդյունքը»: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը՝ Մակրոնն ասել է. «Ինչ է նշանակում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացում, և արդյոք ինչ-որ մեկը հավատում է, որ դա հնարավոր է։ Եթե այո, ապա պատերազմը կտևի տասը տարի»։
Այս ֆոնին Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Գազայի հատվածում առավել ինտենսիվ դարձնել «երկարաժամկետ հրադադարի հասնելու ջանքերը»:
Նույն օրը Մակրոնը Դուբայից մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ այդ երկրի առաջնորդ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցությունների վերսկսման քննարկման համար։ Սակայն Իսրայելի ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաքը լքել էին մինչ Ֆրանսիայի նախագահի ժամանելը։ Իսրայելական իշխանությունները հետ էին կանչել նրանց՝ պնդելով, թե խորհրդակցությունները «փակուղի են մտել»։
Լուսանկարը՝ AP Photo/Peter Dejong
Մեկնաբանել