Պահանջում են հանդիպում կազմակերպել «Հարսնաքարի» գործով զբաղվող իրավապահների հետ
Այսօր առավոտյան ԱԺ 4 խմբակցությունների (ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան») ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում է փոխանցվել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին: Ստորև ներկայացվում է դիմումը:
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը:
Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն առաջացրել է գերլարված իրավիճակ:
Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից՝ առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ՝ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել