Մոսադի ղեկավարը բանագնացներին հետ է կանչել Կատարից. Իսրայելը պնդում է, որ բանակցությունները փակուղի են մտել
Իսրայելի հետախուզության՝ Մոսադի ղեկավար Դավիթ Բարնեան Կատարից հետ է կանչել գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք մասնակցում էին պատանդների ազատ արձակման համար անցկացվող բանակցություններին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի աշխատակազմին։
«Այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի են մտել, Մոսադի ղեկավար Դավիթ Բարնեան վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգով Դոհայում բանակցողների իր թիմին հրամայել է վերադառնալ Իսրայել»,- ասված է իսրայելական կողմի հայտարարության մեջ։
Այնտեղ նշել են, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարել համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները, որը նախատեսում էր գերեվարված բոլոր երեխաների և կանանց ազատ արձակում։ Ինչպես փոխանցում է իսրայելական կողմը, այդ անձանց ցուցակը կազմել էր ՀԱՄԱՍ-ը։
«Մոսադի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարությանը, Եգիպտոսի հետախուզության նախարարին և Կատարի վարչապետին իրենց հսկայական միջնորդական ջանքերի համար, որոնք հանգեցրել են Գազայի հատվածից 84 երեխաների ու կանանց, ինչպես նաև օտարերկրյա պետությունների 24 քաղաքացիների ազատ արձակմանը»,- հավելել են Իսրայելի վարչապետի աշխատակազմում։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները շարունակում են պահել 136 մարդու՝ 114 տղամարդու, 20 կնոջ և 2 երեխայի։ Պատանդների թվում կա 125 իսրայելցի և 11 օտարերկրացի, այդ թվում 8-ը՝ Թայլանդից։ Պատանդների թվում 10-ը 75 տարեկանից բարձր են։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել