
Իսրայելը արաբական երկրներին տեղեկացրել է Գազայում բուֆերային գոտու ստեղծման պլանների մասին
Իսրայելն արաբական մի քանի երկրների հայտնել է, որ նախատեսում է Գազայի հատվածի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել՝ ապագա հարձակումները կանխելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսին, Հորդանանին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային։ Բացի այդ, Իսրայելից ծանուցում է ստացել նաև Թուրքիան։
«Իսրայելը ցանկանում է, որ Գազայի և Իսրայելի միջև բուֆերային գոտին կանխի ՀԱՄԱՍ-ի կամ այլ զինյալների ներթափանցումն ու հարձակումը Իսրայելի վրա»,- պատմել է տարածաշրջանի երկրներից մեկի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Գազայի հատվածի ներսում բուֆերային գոտում ստեղծման մասին պլանները The Times of Israel-ին հաստատել է նաև իսրայելցի պաշտոնյաներից մեկը։
«Դա անվտանգության, այլ ոչ թե քաղաքական միջոց է։ Մենք մտադիր չենք Գազայի հատվածի կողմից մնալ սահմանին»,- ասել է պարբերականի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ Իսրայելում քննարկումներ են ընթանում այն մասին, թե «ինչպիսին ենք ուզում տեսնել Գազայի հատվածը, երբ պատերազմը կավարտվի»։ Իսրայելի պաշտպանության բանակի կարծիքով՝ բուֆերային գոտու ստեղծումը ՀԱՄԱՍ-ին թույլ չի տա «սահմանի մոտ ստեղծել ռազմական ներուժ և կրկին զարմացնել Իսրայելին»։
Լուսանկարը՝ REUTERS/Alexander Ermochenko/File Photo
Մեկնաբանել