HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը կրկնապատկել է ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների պատվերը

«Հայաստանի զինված ուժերը մոտ 50 «Բաստիոն» զրահամեքենա կստանան»,- ասվում է սենատորների կարծիքի համար պատրաստված զեկույցում, որը հրապարակվել է Ֆրանսիայի 2024 թվականի ֆինանսական օրինագծի շրջանակներում։

Մինչ այժմ խոսվել է Ֆրանսիայի կողմից 24 նման զրահամեքենայի մասին, որն, ըստ վրացական կողմից հաստատված տեղեկությունների, Վրաստանի Փոթիի նավահանգստով արդեն իսկ մատակարարվել է։ Պաշտոնական Երեւանը այս զենքի մատակարարման եւ դրա թվի մասին տեղեկություն չի հայտնել։

Հայաստանի կողմից պահանջվող «Բաստիոն» զրահամեքենաների թիվը իրականում կկազմի 50՝ ըստ Սենատում համազեկուցողներ Հելեն Քոնվեյ-Մուրեի և Հյուգ Սորիի: «Հայաստան է առաքվում ֆրանսիական Arquus խմբի կողմից արտադրված «Բաստիոն» տիպի 24 զրահամեքենա, դրանց պետք է միանան նույն տիպի 26 այլ զրահամեքենաներ, որոնք ներկայումս արտադրվում են»,- նշված է ռազմական տեխնիկայի հաջորդ տարվա հատկացման վերաբերյալ բյուջեի համապատասխան փաստաթղթում։

Ըստ ֆրանսիական «Forces opérations» բլոգի, ի սկզբանե այս զրահամեքենաները նախատեսված էին Սահել ուղարկելու համար, որտեղ Ֆրանսիան ռազմական ներկայություն ունի։ «Բաստիոնի» այս 24 օրինակները որոշ ժամանակ գրավել էին նաեւ Ուկրաինայի ուշադրությունը: Ըստ ուկրաինացի բլոգերների՝ դրանք որպես օգնություն պետք է մատակարարվեին Ուկրաինային։ Ի վերջո, ըստ ֆրանսիական աղբյուրի, Կիևը հրաժարվել է, եւ մի քանի շաբաթ առաջ ծովով դրանք Վրաստան են ուղարկվել, ապա՝ Հայաստան:

Ըստ արտադրողի՝ 12,5 տոննայանոց «Բաստիոն» զրահամեքենան հիմնված է VLRA շասսիի վրա և համատեղում է մարտավարական շարժունակությունը, ամրությունը և պարզեցված սպասարկումը:

Այս առաքումը տեղի է ունենում Փարիզի և Երևանի միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման շնորհիվ: Հոկտեմբերին Փարիզում Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և նրա հայ պաշտոնակից Սուրեն Պապիկյանը պայմանագիր ստորագրեցին հակաօդային պաշտպանության նպատակով «Thales Group» ընկերության արտադրության երեք GM (Grand Master) 200 ռադարի գնման եւ հակաօդային պաշտպանության «Mistral» համակարգերի գնման մտադրության մասին։

Երկու սենատորներն այժմ առաջարկում են արագացնել այս նյութական ասպեկտը։ Եթե ​​ֆրանսիական իշխանությունները հավատարիմ են պաշտպանական զենքի մատակարարման իրենց խոստմանը, «պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումն իրականում այնքան էլ գործառնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները՝ ուշ մատակարարելով սարքավորումները, որոնք ի սկզբանե անհրաժեշտ կլինեն»,- Սենատում 2024-ի բյուջեի քննարկմանն ասել են նրանք։

«Ահա թե ինչու մենք պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու անհրաժեշտության վերաբերյալ»,- հավելել են նրանք՝ խորհուրդ տալով «հնարավորինս շուտ» ուսումնասիրել «CAESAR» ինքնագնաց  հրետանային կայանների մատակարարման հարցը։

«Զարգացումը, թեև տեսական, էական կլինի մի բանակի համար, որի զենքերն, ըստ էության, ժառանգված են խորհրդային ժամանակներից: Այդ բանակը կարող է նաև օգտվել արտադրության տեմպերի արագացումից, որը համաձայնեցվել է շահագրգիռ արդյունաբերողի՝ KNDS խմբի ֆրանսիական մասնաճյուղի հետ»,- ասել են սենատորները:

«Բաստիոն» զրահամեքենաների լրացուցիչ խմբաքանակի պատվերի մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել Հայաստանի Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ սպառազինության մասին բոլոր հարցերը պետք է ուղղվեն գրավոր։

Լուսանկարում՝ Հայաստան առաքվելիք «Բաստիոն» զրահամեքենաները Փոթիի նավահանգստում, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter