
Արևմուտքը վստահ չէ, թե արդյոք անհրաժեշտ է Գազայի հատվածում բուֆերային գոտի ստեղծել
Արևմտյան երկրները քննարկում են, թե արդյոք անհրաժեշտ է աջակցել Գազայի հատվածի շուրջ ժամանակավոր բուֆերային գոտի ստեղծելու Իսրայելի ծրագրին, որը, ինչպես պնդում է Իսրայելը, Գազայի հատվածում ցամաքային գործողության ավարտից հետո ահաբեկչական հարձակումները զսպելու նպատակ ունի: Այդ մասին գրում է իսրայելական Haaretz թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը չի հստակեցրել, թե որքան ժամանակ է գործելու այդ գոտին և նախատեսում է արդյոք այնտեղ երկարատև ռազմական ներկայություն պահպանել: «Մենք հստակ պատասխաններ չենք ստանում, և դա մտահոգություններ է առաջացնում գործողության իրական նպատակի վերաբերյալ», - Haaretz-ը մեջբերում է արևմտյան դիվանագետներից մեկի խոսքերը:
Դեկտեմբերի 3-ին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելն արաբական մի քանի երկրների հայտնել է, որ նախատեսում է Գազայի հատվածի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել՝ ապագա հարձակումները կանխելու համար: Գործակալության տվյալներով՝ Իսրայելն այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսին, Հորդանանին, Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային։ Բացի այդ, Իսրայելից ծանուցում են ստացել նաև Թուրքիան և Միացյալ Նահանգները։
«Իսրայելը ցանկանում է, որ Գազայի և Իսրայելի միջև բուֆերային գոտին կանխի ՀԱՄԱՍ-ի կամ այլ զինյալների ներթափանցումն ու հարձակումը Իսրայելի վրա»,- պատմել էր տարածաշրջանի երկրներից մեկի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Լուսանկարը՝ Amir Cohen/Reuters
Մեկնաբանել