HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։ 

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։ 

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter