HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարսնաքարն իբրեւ վերագտնվող հանրային բարոյականության ու պատվի փորձաքար

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը հունիսի 29-ն կատարելապես ցնցեց հայ հասարակությանը: Այն ընկալվեց առաջին հերթին հասարակությանը եւ բանակին նետված մարտահրավեր եւ հենց առաջինը հասարակությունն էր, որ հստակ պահանջներ առաջադրեց երկրի իշխանություններին:   

Հասարակության պահանջը. պատժից մինչեւ persona non grata 

Եթե ի մի բերենք հասարակության, բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների ու խմբերի պահանջները «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված ոճրագործության կապակցությամբ, ապա դրանցից ամենահիմնականերն են. թափանցիկ ու անաչառ քննության միջոցով բացահայտել դաժան ծեծի բոլոր մասնակիցներին, խստագույնս պատժել ոճրագործության բոլոր կատարողներին, ոմանց կարծիքով` ընդհուպ մահապատիժը իբրեւ բացառիկ պատժամիջոց վերականգնելով, անգամ պատասխանատվության կանչել համալիրի սեփականատիրոջը, ում թիկնապահները ներգրավված են եղել դաժան ծեծի մեջ, փակել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, բոյկոտել դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատկանող բոլոր բիզնես-ծառայություններն ու արտադրանքը` «Բջնի» հանքային  ու «Նոյ» սեղանի ջրերը (անգամ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիշատակեց պայքարի այս եղանակի մասին), պատգամավորական մադատից զրկել/հրաժարեցնել Ռուբեն Հայրապետյանին, վաճառել տալ «Հարսնաքարը» եւ գումարը փոխանցել Վահե Ավետյանի որբացած երեխաներին, Հայրապետյանին հրաժարեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից` այդ կապակցությամբ առցանց միջնորդագիր ուղարկելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային եւ այլն: 

Կատարվածի կապակցությամբ դատապարտող հայտարարություններով հանդես եկան նաեւ մտավորականները: Առաջիններից եւ առավել խիստ կոչերից մեկը, որ սոցիալական ցանցերում լայնորեն տարածվեց, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի խոսքն էր, ով խորհուրդ տվեց Ռուբեն Հայրապետյանին «ուղղակի հեռանալ Հայաստանից», քանի որ «էս հողը նրա ոտքերի տակ մի օր վառվելու է, նա այստեղ այլեւս տեղ չունի, մենք պարտավոր չենք հանդուրժել նրան: Սա ասում եմ ես` որպես անաչառ մարդ, ով ժամանակին հանդես է եկել խնդրանքով, որ օլիգարխներին մականուններով չկոչեն: Բայց այժմ ես կարծում եմ, որ նա պիտի թողնի Հայաստանը եւ գնա, Հայաստանի հողը նրան այլեւս չի կերակրելու» (www.հayeli.am, հուլիսի 1, 2012թ.): Լյուդմիլա Հարությունյանի այս կոչը եւս բուռն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում, քանի որ շատերը դա դիտարկեցին իբրեւ պատասխանատվությունից ազատվելու ու այդ կերպ Հայաստանից դուրս գալու հնարավորություն: 

Ըստ այդմ, կարծում եմ` ոչ պատահականորեն, Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս օրերին ի եւս մեկ նոր պահանջ ձեւակերպվեց առցանց միջնորդագրի տեքսով, որով ՀՀ քաղաքացիները դիմում են Հայաստանում հավատարմագրված այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից` պահանջելով Հայրապետյանին անցանկալի հյուր ճանաչել իրենց երկրներում եւ հրաժարվել մուտքի արտոնագիր տրամադրելուց, չհրավիրել որեւէ միջոցառման եւ չընդունել նրա կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու հրավերները:  

Այս բոլորը պահանջները թերեւս խոսուն կերպով արտացոլեցին հասարակության կողմից իր անդամին «անցանկալի անձ», իսկ նրա որեւիցէ գործունեություն` մերժելի հռչակելու չափազանց խիստ պատիժը, ինչը աննախադեպ է Հայաստանի անկախության պատմության մեջ:  

Զինվորականության նախազգուշացումը օլիգարխիային 

Մինչ Վահե Ավետյանի մահացու ծեծից հետո սկիզբ առած քաղաքացիական նախաձեռնությունները բողոքի ազդեցիկ միջոցառումներ են կազմակերպում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի, նախագահական նստավայրի ու դատախազության առջեւ եւ կոնկրետ պահանջներ առաջադրում ռեստորանի սեփականատիրոջը, իրավապահ մարմիններին ու բարձրագույն իշխանություններին, «Հարսանքար» ռեստորանային համալիրում արձանագրվեց արտառոց մի դեպք, որի հետ կապված ամեն ինչ չէ, որ  պարզ է հասարակությանը: 

Հուլիսի 1-ի գիշերվա ժամը 2:15-ի սահմաններում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, ՊՆ Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, 39-ամյա Վարդան Սամվելյանը զինված մտավ «Հարսնաքար» ռեստորանային համալիր`  սպառնալով պայթեցնել այն: Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ էր վարել նրա հետ, ինչի արդյունքում Վարդան Սամվելյանը հանձնվել էր: Նրա մոտից առգրավվել էր պայթուցիկներով լի մի պայուսակ, որի մեջ հայտնաբերել էին 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ եւ 1 «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս: Դեպի կապակցությամբ նաեւ հաղորդվել էր, որ փոխգնդապետ Սամվելյանի հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է: 

Սամվելյանի այս արարքը բուռն մեկնաբանությունների առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Օգտատերերի, բլոգերների կողմից բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին: Ոմանք այն դիտարկում էին իբրեւ Վահե Ավետյանի մահվան համար վրեժխնդրության փորձ կամ սպառնալիք: Գտնվեցին նաեւ թերհավատներ, ովքեր այդպես էլ չհասկանալով Սամվելյանի կողմից համալիրը պայթեցնելու սպառնալիք հարուցելու, բայց այն չիրագործելու քայլը, անգամ թատերականացման տարրեր տեսան այս ամենում: Անգամ մինչու օրս պարզ չէ, թե ի՞նչ կապ ուներ Վարդան Սամվելյանը Վահե Ավետյանի հետ` բարեկամակա՞ն, ընկերակա՞ն, թե արարքը կատարելիս պարզապես առաջնորդվել է զինվորական-սպայական պատվի ու արժանապատվության մղումներով: Այս կապակցությամբ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը, նախաքննության շահերի հիմնավորումով նշել է, թե չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Վարդան Սամվելյանն ու Վահե Ավետյանը ազգակցական կամ ընկերական կապեր են ունեցել. «Չեմ կարող պատասխանել, հնարավոր է՝ իրար ճանաչել են, ես չգիտեմ»: 

Մինչեւ այս միջադեպը` անմիջապես Վահե Ավետյանի հուղարկավորության ժամանակ, չափազանց կոշտ հայտարարություն արեց ԶՈւ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը. «Վերջին անգամ եմ զգուշացնում՝ բանակին մատով չկպնեք. նրանք, ովքեր թիկնապահներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող լավ պահեն իրենց» (օրինակ): Խաչատուրովի այս խոսքերի տակ ակնհայտ էր զինվորականության համբերության` սպառվելու մասին ակնարկ-ուղերձը, ինչպես նաեւ այն, որ բանակը մոտ է «թիկնապահներ, զինված մարդիկ ունեցողնին», այն է` օլիգարխիային թշնամին հռչակելուն: Եւ նույն գիշերը Վարդան Սամվելյանը զինված ներխուժում է «Հարսնաքար»` ապառնալով պայթեցնել այն: ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արդեն իսկ հայտարարել է, թե «կարծում եմ, որ ոգելից խմիչք է օգտագործել եւ նախաձեռնություն է ցուցաբերել»: 

Իսկ սոցիալական ցանցերում հայկական բանակի մասին քննարկումներում նրա անվերապահ պաշտպանությամբ աչքի ընկած երիտասարդների ու միությունների («Հայազն») կողմից մեկ այլ նախաձեռնություն ստեղծվեց Վարդան Սամվելյանին պաշտպանելու համար: Ինչպես հայտնի է, վերջինս հրաժարվել է փաստաբանի ծառայությունից եւ ակնհայտ է, որ քննության ընթացքում ու դատարանում իր շահերի պաշտպանությունը առավելապես կառուցելու է ոչ իրավական հարթության վրա (այդպիսի փաստարկներ չունի էլ)… 

Հաշվի առնելով, որ սույն գործով նախաքննությունը շարունակվում է գաղտնիության պայմաններում, ինչպես նաեւ` գիտակցելով սխալվելու հավանականությունը, այդուհանդերձ հարց է ծագում, թե ո՞րն էր Սամվելյանի` չիրագործված արարքի նպատակն ու ուղերձը (միարժեք տպավորություններից է այն, որ նա չի ցանկացել պայթեցնել շենքը, որի մեջ մարդիկ են եղել եւ նա, կարծես թե, վերջիններիս պահանջել է լքել այն). հասկացնել, որ սեփականատիրոջը պատկանող օբյեկտը ժամանակավորապես կամ մշտական չպետք է չգործի՞ (հատկապես երբ Վահե Ավետյանի ծեծից ու անգամ մահից հետո սեփականատիրոջ կողմից չէին դադարեցվում այնտեղ խնջույքներն ու հանդիսությունները), դա ակնա՞րկ էր որեւէ կերպ չմիջամտել նախաքննությանը (ի վերջո` ծեծի օրը  համալիրի ավտոկայանտեղիում Վահեին ու մյուսներին սպասած 10-15 մարդուց միայն 5-6-ի դեմ է մեղադրանք առաջադրվել, իսկ մնացյալների մասին խոսք չկա), մի՞թե նախաքննության վրա ազդելու հրապարակային քայլեր կարող էին լինել, ինչով եւ ակնարկվում էր դրա անթույլատրելիությունը (հաջորդ օրը ՊՆ Նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, որի կապակցությամբ ասել էր. «Մենք երկուսս եկել ենք այն եզրակացության, որ դա դատապարտելի է եւ գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ ինչ-որ միջոցառումներ հրապարակային կազմակերպենք, մենք պետք է մեր խոսքը, դաշտն ամբողջությամբ փոխանցենք իրավապահ մարմիներին»: 

Այս համատեքստում առավել ուշագրավ է դառնում նույն հարցազրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատականը Վարդան Սամվելյանի արարքի մասին. «Մեզանից յուրաքանչյուրը կարող է նման վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուժող ենք եւ նաեւ մենք պետք է օրենքները հարգենք` լինի դա հասարակ քաղաքացի, թե սպա: Բոլորը եթե այդպիսի քայլի դիմեն, ուր կհասնի»: Նախարարը, թեպետ ճիշտ չի համարում քայլը, այդուհանդերձ խստորեն չի դատապարտում կատարվածը, կոչ է անում հանդուրժող լինել դրա հանդեպ, քանի որ «նման վերաբերմունք ունեցողները» կարող են շատերը եւ յուրաքանչյուրը լինել… 

Ակնհայտ էր, որ եթե հասարակություն-«Հարսնաքարի» սեփականատեր հարթության վրա ամեն ինչ տեսանելի է, զինվորականություն-օլիգարխիա վեճի հարթությունում ամեն ինչ չէ, որ տեսանելի է: Մինչդեռ տեղի ունեցածը վկայեց նրանց շրջանում ոչ բացահայտ եռացող կրքերի մասին:     

 Վերջաբանի փոխարեն, կամ հարսնաքարյան բարոյականության եւ պատվի մասին  

Ներկայիս ու պատմական Հայաստանի շատ վայրերում կան սրբատեղի դարձած վայրեր, որոն կոչվում են Հարսնաքար: Այդ վայրերի հետ կապված ավանդապատումները չափազանց ուշագրավ պատմությունների ու երեւույթների մասին են: 

Սեւանի Հարսնաքարը կամ համայնքի անեծքը: Ավանդապատումի համաձայն` Սեւանա լճի տեղում առաջ ցամաք է եղել` անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը եւ ապա զգուշությանբ հարմարեցնում իր տեղում: Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն` մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում 4 կողմ. երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են` ասելով. «Քար դառնա` ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով` դառնում է լիճ, որից վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը` Հարսնաքարը: Ահա այսպիսին է եղել հանրային անեծքի ուժը ավանդապատման համաձայն:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղի Հարսնաքարը: Նման անվանումով մեկ այլ վայր իմ հայրենի Տավուշի մարզում է` հարեւան Բաղանիս գյուղի կողքը վերխոյացող չքնաղ սարի գագաթին: Ավանդապատումն ասում է, որ հարյուրավոր տարիներ առաջ կովկասյան ցեղախմբեր` (լեզգիներ) թե դրկից ադրբեջանցիներ` կովկասյան թաթարներ, արշավում են տեղի հայաբնակ գյուղերի վրա` ավարառության: Թիրախ հայկական գյուղերի երիտասարդները ինքնապաշտպանության են դիմում` հերոսական մարտ մղելով լեռան փեշին, որի գագաթի բարձր ժայռից կռվին հետեւում են կանայք ու աղջիկները, այդ թվում կռվի նետված տղաներից մեկի հարսնացուն: Բարձունքից տեսնելով իր ասպետի հերոսական մահը՝ աղջիկն իրեն ցած է նետում ժայռից` այլեւս անիմաստ համարելով իր ապելը, բայցեւ փրկելով իր պատիվը ցեղախմբերի ձեռքն ընկնելուց: Սարի գլխին կանգնեցված է մի հսկայական խաչ, որը հայրենիքի ու հայուհու արժանապատվության, բարոյականության, առաքինության, պատվի պաշտպանության արժեքների ուղենիշ-փարոս է եղել հաջորդած բոլոր սերունդների համար:

Վահե Ավետյանի հուղարկավորության օրը աչքիս զարնեց, որ Քանաքեռի բարձունքին գտնվող նրա գերեզմանն էլ վերեւից նայում է մայրաքաղաքին ու մասնավորապես Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին: Ակնհայտ է, որ նրա սրբացած շիրիմը նույնպես մի նոր փարոս է լինելու. Վահե Ավտյանն էլ հայրենիքի պաշտպան էր` ռազմական բժիշկ, ով բուժել է հարյուրավոր, միգուցեեւ հազարավոր զինվորների, եւ ում դաժան սպանությունը հարուցեց հանրային ցասումն ու անեծքը եւ արթնացրեց հանրային բարոյականությունը, խիղճն ու պահանջատիրությունը: 

Նորօրյա Հարսնաքարը ու դրանում կատարված ողբերգական դեպքերը, նախեռաջ` դրանց հանրային հակազդեցությունը, հասարակության կողմից նետված յուրօրինակ պատասխան ձեռնոցն են պետությանը` անուղղակի պահանջով քաղաքականություն ու երկրի կառավարում վերադարձնել այս տարիների ընթացքում պրագմատիկ քաղաքական գործիչների կողմից persona non grata (անցանկալի անձ) ճանաչված բարոյականությունը, մարդասիրությունը: 

Ի թիվս այլ տեսակի հատուցումների, որոնք անհրաժեշտ են Վահե Ավետյանի ընտանիքին, ներկայացվող պահանջների, որոնց հարցում քաղաքացիական նախաձեռնությունները շարունակում են հայտարարել հետեւողական լինելու մասին, դա  լինելու է բոլորիս արժանի փոխհատուցումը նրա որբացած մանուկներին, որպեսզի նրանք ապրեն ու մեծանան պաշտպանված, հումանիստական ու բարոյական հասարակության մեջ. մի հասարակություն, որի ուժը ոչ միայն իր միասնության, այլ նաեւ բարոյականության մեջ է` ինչպես ավանդապատումներն են անցյալից ապագա ուղերձ հղում:  Ասվածն անշուշտ չի նշանակում, թե խնդրի հանգուցալուծումը սկսվում եւ ավարտվում է բարոյականության դաշտում: Ամենը ոչինչ կլինի, եթե պատժելիության սկզբունքը չգործի այս եւ մյուս դեպքերում:  

Ստեփան Սաֆարյան
վերլուծաբան

Հետգրություն: Վերլուծությունը գրեթե պատրաստ էր, երբ պարզ դարձավ, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 3-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո լրատվամիջոցներին է տրամադրել պատգամավորական մանդատից հրաժարվելու իր հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ նրա հղումը նույնպես ողբերգության ու դրա չկանխման համար բարոյական պարտավորության վրա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter