
ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային, չնայած Նիդերլանդներում և Սլովակիայում քաղաքական փոփոխություններին
ՆԱՏՕ-ն կշարունակի օգնել Ուկրաինային` չնայած Նիդերլանդներում և Սլովակիայում քաղաքական փոփոխություններին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։ Որպես ՆԱՏՕ-ի վճռականության օրինակներ՝ նա նշել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի փոխանցման պարտավորությունները և Ռումինիայում ամերիկյան F-16 կործանիչների ղեկավարման համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստման կենտրոնի ստեղծումը:
«Ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն էական և զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Իհարկե, կա ավելին ունենալու հրատապ ու մշտական անհրաժեշտություն, բայց դաշնակիցները ոչ միայն խոսքով, այլև գործով ցույց են տալիս, որ շարունակելու են օգնություն տրամադրել Ուկրաինային»,- ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սթոլթենբերգը։
Հիշեցնենք, որ վերջին ընտրությունների ժամանակ Նիդերլանդներում հաղթել էր Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունը (PVV), որը խոստացել էր չաջակցել Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի մատակարարմանը։ Կիևին լրացուցիչ աջակցության հատկացմանը դեմ են հանդես գալիս նաև Հունգարիան և Սլովակիան։ Ընդ որում, Սլովակիան այդ ցանկին է միացել խորհրդարանական վերջին ընտրություներից հետո, երբ վարչապետի պաշտոնը դարձյալ զբաղեցրեց Ռոբերտ Ֆիցոն։ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ Բրատիսլավան ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում խաղաղության բանակցություններ սկսել։
Նոյեմբերի 29-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը խոստովանել էր, որ Եվրամիության երկրների առաջնորդների շրջանում համաձայնություն չկա Ուկրաինային 4 տարվա ընթացքում 50 միլիարդ եվրո ֆինանսավորում հատկացնելու հարցում: Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, Financial Times-ը հայտնել էր, որ ԵՄ-ում այս հարցով տարաձայնությունները պահպանվում են: Պարբերականի հետ զրուցած եվրոպացի պաշտոնյաների մի մասը կարծում է, որ համաձայնության հասնելը «չափազանց դժվար կլինի», մյուսներն էլ համոզված են, որ «փոխզիջումը դեռ հնարավոր է»:
Լուսանկարը՝ Valeria Mongelli/Bloomberg
Մեկնաբանել