HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներ

2023 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։

Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակությունը:

Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է ծանր։

Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի բնակչի վարած աղբահանության «Камаз» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այս դեպքի առթիվ ևս ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն, պարզվում են հանգամանքները։

Քրեական վարույթներով երկու վրաերթերի հետևանքով մահացած երկու կանայք, ինչպես նաև առաջին դեպքով վնասվածքներ ստացած կինն ու երեխան ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։

Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter