HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից

«2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելու են մայրաքաղաքի ավագանու կոմից 2023 թվականի ապրիլին ընդունված Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչները, որոնցով սահմանվող պահանջները ոչ միանշանակ են ընդունելի տնտեսվարող անձանց կողմից»,- հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

Ծագող խնդիրներին, ըստ միության, առնչվելու են թե խոշոր ընկերությունները, թե փոքր ու միջին ձեռնարկությունները, թե անհատ ձեռներեցները։ Այս առնչությամբ իրենց մտահոգող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 6-ին խորհրդակցության էին հավաքվել ամենատարբեր ոլորտների՝ բանկերի, խոշոր առևտրային ցանցերի, արտադրական ընկերությունների ղեկավարներ։

«Քննարկման մասնակիցները որոշ առումներով անհասկանալի ու դժվար կիրառելի որակեցին սահմանված չափորոշիչները։ Նրանք կոնկրետ օրինակներով ներկայացրեցին, որ անգամ եվրոպական առաջատար քաղաքներում նման սահմանափակումներ սահմանված չեն։ Նոր պահանջներով խախտվելու են ընկերությունների իրավականորեն  ամրագրված ապրանքային նշանների տեսքը, գույները, համաչափությունը։ Նույն չափորոշիչներն են սահմանված թե մայրաքաղաքի կենտրոնում եղած պատմամշակութային ցածրահարկ շինությունների, թե ծայրամասերում կառուցված առանձին մեծածավալ շենքերի համար, որոնց հաճախ հենց էսթետիկ տեսք են հաղորդում նախատեսված գովազդները։ Սահմանված նոր փոքր չափերով, որոնք հայտնի չէ, թե ինչ չափանիշներով են ընտրված,  հաճախ գովազդները կկորցնեն իրենց նշանակությունը՝ հանրությանն իրազեկել տվյալ կառույցում առկա այս  կամ այն վաճառատան կամ ծառայության մասին։ Էապես կփոխվի քաղաքի լուսավորության պատկերը, ինչը շատ դեպքերում հենց արտաքին գովազդների հաշվին է ապահովվում։ 

Գործարարներին մտահոգում էր նաև հարցի ֆինանսական մասը։ Ներկայիս գովազդների տեղակայման համար ծախսվել են հսկայական գումարներ, տնտեսվարողների, հատկապես հազարավոր ՓՄՁ-ների, համար նոր չնախատեսված ծախսային բեռ է ավելանալու եղածների ապամոնտաժման, նորերի պատրաստման ու տեղակայման համար։ Անբավարար են նաև սահմանված ժամկետները, շատ ձեռնարկատերեր անգամ տեղեկացված չեն կիրառվելիք նոր կարգի մասին։ 

Հայաստանի արդյունաբերողների և գործրարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախաձեռնողականության ու քննարկմանն ակտիվ մասնակցության համար, առաջարկեց ի մի բերել նոր չափորոշիչների կիրառումից ծագող բոլոր խնդիրները՝ դրանք պատկան մարմինների հետ քննության առնելու համար»,- նշված է միության տարածած հաղորդագրության մեջ։        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter