HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունն ԱԺ-ում թեժ է ընթանում

Արդեն 2 օր է՝ Ազգային ժողովում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածունները երկուսն են՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը: Վերջինս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարչության պետ է: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խստորեն քննադատում էին Հարությունյանին՝ ակնհայտ ցուցադրելով, որ իրենց նախընտրած թեկնածուն չէ:

Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է մոտ երկու շաբաթ առաջ: Հետևաբար, ԱԺ-ն պետք է ընտրի հանձնաժողովի նոր անդամ:

Պատգամավորների քննադատության հիմնական առիթն այն է, որ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները հայտարարագրեր չեն ներկայացրել և նրանց նկատմամբ վարույթ չի հարուցվել: ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն աբսուրդ որակեց, որ հանձնաժողովը չի իմացել Հայկուհի Հարությունյանի հետ ապրող ծնողների հասցեն, որպեսզի նրանց ծանուցի հայտարարագիր չներկայացնելու մասին:

Քննադատությունների մյուս մասը վերաբերում էր հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին, լիազորությունների ոչ պատշաճ իրացմանը:

Օրինակ՝ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ իրականում լավ չի, որ անձը չի ներկայացրել հայտարարագիր, սակայն իրենց խնդիրը Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի գործունեությունն է: Հանձնաժողովի անդամը և նախագահը պետք է բոլորից անկախ լինեն, այդ թվում՝ իշխանություններից, ընդդիմությունից, հիմնադրամներից, ֆոնդերից:

Վարդանյանը նշեց, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովը պարզեր ոչ թե հայտարարատուի արձակուրդի ընթացքում ծախսված գումարի չափը, այլ կոռուպցիան ծնող պատճառները:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխող խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներով փորձում են քողարկել իրենց հակաժողովրդավարական վարքագիծը:

Մինասյանը նշեց, որ Հայկուհի Հարությունյանն ընդդիմադիրների թեկնածուն չէ, սակայն իշխանություններն այդպես մոլորեցնում են քաղաքացիներին՝ Հ. Հարությունյանին դարձնելով ընդդիմադիրների թեկնածու:

Արծվիկ Մինասյանը հերթով թվարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մի քանի որոշումներ, որոնք վերաբերում էին Շիրակի նախկին մարզպետ, այժմ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Գուրգեն Արսենյանի, Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ կարճման որոշումներ են կայացվել, ինչը նշանակում է, որ օբյեկտիվ քննություն է իրականացրել հանձնաժողովը: Բացի այդ, վարույթներ են հարուցվել նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

Մինասյանն ասաց, որ իշխանական պատգամավորներն անձնային, խմբային շահերով են առաջնորդվում և չեն ցանկանում, որ հետագայում բացահայտումներ լինեն:

Արծվիկ Մինասյանի խոսքով, իշխանությունը ցանկանում է զավթել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որպեսզի ամեն ինչ լինի իշխանությունների վերահսկողության տակ:

«Ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Մինասյանի ելույթին, նշեց, որ նույնիսկ ընդդիմությունը չի մնում իշխանությունների կոկորդին, ուր մնաց՝ անհատները:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ խոսեց ընդհանրապես կոռուպցիոն դրսևորումների, ինչպես նաև՝ մամուլի հրապարակումների մասին, որոնք արհեստականորեն մարդկանց թիրախավորում են: Նա, մասնավորապես, անդրադարձավ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին: Ըստ Արսենյանի՝ Կ. Սիմոնյանին ճանաչում է արդեն 15 տարի, և նա իր ճանաչած ամենագրագետ մարդկանցից մեկն է. «Նույնիսկ ռումիներեն գիտի»:

Համեմատության համար նա ասաց, որ Կառլեն Սիմոնյանն ավելի լավն է, քան իր ԱԺ նախագահ եղբայրը՝ Ալեն Սիմոնյանը:

Հայկուհի Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ իր գործունեության ընթացքում եղել է ապակուսակցական, ապաքաղաքական: Նա որպես քաղաքացի ԱԺ պատգամավորներից պահանջեց իր անձը չշահարկել այդ տեսանկյունից:

Ասաց, որ երբևէ որևէ մեկի վրա ազդեցություն չի ունեցել: Իր բոլոր քննարկումները բխել են իր պաշտոնից: Իսկ իր գործունեության վերաբերյալ այս 2 օրերի ընթացքում որևէ բովանդակային քննարկում չի ծավալվել:

Հարությունյանը նշեց, որ իր ընտանիքի անդամների հայտարարագրերը ներկայացված են թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային տարբերակով: Ավելին, դրանք վերլուծվել են հանձնաժողովի կողմից:

Լուսանկարում՝ Հայկուհի Հարությունյանը/ԱԺ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter