HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը նորից վաճառքի է հանվել. գինն իջեցվել է մոտ 7 մլն դոլարով

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը կրկին հայտնվել է անշարժ գույքի շուկայում, սակայն հերթական անգամ դրա գինը նվազել է: Եթե մինչեւ նոյեմբերի 13-ը այն առաջարկվում էր 46.500.000 դոլարով, ապա հիմա դրա գինը 39.750.000 է, այսինքն՝ 6.750.000 դոլարով ավելի էժան:

Հիշեցնենք, որ այս Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող եւ 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով: 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանող ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ:

Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին այս տունը վաճառքի են հանել 63,5 մլն դոլարով:

Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում է, որ Խաչատրյանները կարող են վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէ, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշի բավարարել դատախազների հայցն ու բռնագանձի տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու է փաստի առաջ:

Ու չնայած դատական հայցին եւ դատախազների ծանուցմանը՝ 2022 թ. հունիսին գնորդ հայտնվեց, ինչի մասին հուշում էր անշարժ գույքի գործակալությունների կայքում հայտնված ինֆորմացիան: Խաչատրյանների՝ վաճառքի հանված տան վերաբերյալ այդուհետ նշվում էր «under contract», «active under contract» կամ «accepting backup offers», ինչը նշանակում է, որ ֆինանսների նախկին նախարարի որդիները համաձայնություն են ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէ, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց գնային առաջարկները:

Այդուհանդերձ, 2022-ի նոյեմբերի սկզբին տունը հանվեց վաճառքի շուկայից, բայց նույն ամսվա վերջում նորից հայտնվեց շուկայում: Այս անգամ Խաչատրյանները գինն իջեցրել էին 7,5 մլն դոլարով՝ դարձնելով 56 մլն դոլար: Սակայն այդպես էլ գնորդ չհայտնվեց:  

2023 թ. օգոստոսին երկրորդ անգամ տան գինն իջեցվեց, այս անգամ՝ 9,5 մլն դոլարով՝ դառնալով 46,5 մլն դոլար: Բայց այս անգամ եւս գույքը գնորդ չունեցավ:

2023-ի նոյեմբերին տունը երկրորդ անգամ հանվեց անշարժ գույքի շուկայից, սակայն ինչպես տեղեկանում ենք միջնորդ գործակալությունների կայքերից, Խաչատրյանների տունը կրկին վաճառքի է հանվել օրերս՝ դեկտեմբերի 6-ին: Եվ ինչպես ասվեց, գինը հերթական անգամ նվազեցվել է՝ դառնալով 39.750.000 դոլար: 

Արդյոք նախկին նախարարի որդիները կկարողանան ի վերջո օտարել առանձնատունը, թե որոշ ժամանակ անց կրկին ստիպված կլինեն գին իջեցնել, ցույց կտա ժամանակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter