HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննչական կոմիտեի 15 քննիչ աշխատանքից ազատվել է խախտումների համար

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Իրիցյանի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Նա 2021թ. դեկտեմբերին ազատվել է աշխատանքից: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը եղել է գործերը ողջամիտ ժամկետում չքննելու, որոշ դեպքերում՝ տևական ժամանակ քրեական գործով ընդամենը մեկ գործողություն կատարելու պատճառաբանությունը:

Ավագ քննիչը, համաձայն չլինելով Քննչական կոմիտեի նախագահի՝ իրեն պաշտոնից ազատելու որոշման հետ, դիմել է Վարչական դատարան: Պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Քննչական կոմիտեից բռնագանձել միջին աշխատավարձը, իսկ նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով:

Դատարանը հիմնավոր չի համարել ավագ քննիչ Վ. Իրիցյանի նկատմամբ կիրառված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ պաշտոնից ազատումը: Գտել է, որ հայցն ամբողջությամբ հիմնավոր է և ենթակա բավարարման:

Վերացվել է քննիչին աշխատանքից ազատելու հրամանը: Նկատի ունենալով, որ Իրիցյանի նախկինում զբաղեցված պաշտոնն առկա է և ներկա դրությամբ թափուր է՝ դատարանը նրան վերականգնել է նախկինում զբաղեցրած պաշտոնում՝ Քննչական կոմիտեից հօգուտ ավագ քննիչի բռնագանձելով միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, դատարանը վճռել է հօգուտ Իրիցյանի Քննչական կոմիտեից բռնագանձել 120 հազ. դրամ՝ որպես ներկայացուցչին վճարվելիք գումար:

Քննչական կոմիտեն բողոքարկել է Վարչական դատարանի վճիռը, սակայն բողոքը մերժվել է: Այժմ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Այս գործը մի քանի տասնյակ գործերից մեկն է, որով վիճարկվում է քննչական կոմիտեի նախագահի որոշումը՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Այս պահին Վարչական դատարանում վիճարկվում են 2023թ-ին Քննչական կոմիտեի քննիչների պաշտոնից ազատման 8 կարգապահական տույժերին և 2 խիստ նկատողություններին վերաբերող որոշումները: 

Ինչպես «Հետքին» հայտնում են Քննչական կոմիտեից, վերջինիս նախագահն այս տարի քննիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 50 միջնորդություն է ներկայացրել կարգապահական հանձնաժողովին: Վերջինիս որոշումներով հաստատվել են խախտումներ, ըստ որի՝ 61 քննիչ ենթարկվել է պատասխանատվության, որից 15-ն ազատվել է պաշտոնից:

Հիմնականում պաշտոնից ազատվել են քրեադատավարական իրավունքի կոպիտ խախտումների համար՝ այդ թվում առանց իրավաչափ նպատակի տևական անգործության: 

Ըստ այդմ, 2023թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ նշանակվել են հետևյալ տույժերը.

  • 15 անձի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»
  • 3 անձի նկատմամբ՝ «պաշտոնից իջեցում մեկ աստիճանով» 
  • 1 անձի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»
  • 39 անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»
  • 3 անձի նկատմամբ՝ «նկատողություն»:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահից ևս հետաքրքրվել էինք, թե 2023թ-ին քանի քննիչ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, նրանցից քանիսն են ազատվել աշխատանքից:

Ուշագրավ է, որ 2023թ. ընթացքում ընդամենը մեկ կարգապահական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի նկատմամբ՝ աշխատանքի հանդեպ դրսևորած անբարեխիղճ վերաբերմունքի համար: Սակայն նշված քննիչի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել, քանի որ ինքնակամ դիմում է գրել և ազատվել աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter