HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա

Աբրահամ Բալաբանյանը 2022թ. օգոստոսի 14-ին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ «Զվարթնոց» օդանավակայանից ցանկացել է մեկնել Իռլանդիայի Հանրապետություն: Սակայն սահմանապահներն արգելել են անչափահաս երեխաներին հատել սահմանը:

Նման որոշում կայացրել են Ազգային անվտանգության ծառայության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները՝ կապիտան Նիկոլայ Սարգսյանը և մայոր Արշակյանը: Վերջիններս պատճառաբանել են, թե երեխաները չեն կարող հատել սահմանը, քանի որ անձնագրերում բացակայել են Իռլանդիայի Հանրապետության վիզաները: Սա այն դեպքում, երբ մինչև 16 տարեկան երեխաներն ազատված են եղել Իռլանդիայի մուտքի վիզայի պահանջից, եթե ճամփորդում են ծնողի հետ, որն Իռլանդիայում մշտական կացության քարտ ունի:

Աբրահամ Բալաբանյանը սահմանապահներին ներկայացրել է նշյալ իրավակարգավորումները՝ էլեկտրոնային պաշտոնական աղբյուրից: Երկարատև բանակցություններից, ինչպես նաև՝ «Air France» ավիաընկերության ներկայացուցչի բացատրություններից հետո, միևնույն է, ընտանիքին չի հաջողվել հատել սահմանը, ինչի հետևանքով բաց են թողել իրենց թռիչքը:

Ա. Բալաբանյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահների գործողությունները:

Նա պնդում է, որ կրել է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնաս: Մասնավորապես, սահմանապահ զորքերի ծառայողների գործողությունների հետևանքով փաստացի կրած վնասը կազմում է 2 մլն 500 հազ. դրամ, բացի այդ, իրեն պատճառվել է նաև բարոյական վնաս, որը գնահատել է 10 մլն դրամ:

Հարկ է նշել, որ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար նախ պետք է, որ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ճանաչված լինի ոչ իրավաչափ: Դրանից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնաս պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

Բալաբանյանի ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ սահմանապահների կողմից, բացի ապօրինի գործողություններ իրականացնելը, ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է երեխաների ներկայությամբ բավականին կոպիտ արտահայտություններով: Օրինակ` հայտարարել են. «Դուք կարող եք գնալ, իսկ երեխաները մնալու են»: Նման արտահայտությունը և ստեղծված իրավիճակը երեխաների մոտ խուճապ և տագնապ են առաջացրել, վերջիններս հայտնվել են սթրեսային վիճակում, ինչը դրսևորվել է դեպքից հետո մի քանի օր շարունակ բարձր ջերմությամբ և թուլությամբ:

Ստեղծված իրավիճակում Աբրահամ Բալաբանյանը և իր ընտանիքն անօրինական կարգով ոչ միայն զրկված են եղել ուղղակի իրենց տուն վերադառնալու հնարավորությունից, այլև, թռիչքը բաց թողնելով, բաց են թողել նաև օգոստոսի 16-ին Դուբլինում դեսպանատանը նշանակված հարցազրույցը: Հարցազրույցի նպատակը վիզա ստանալն էր՝ սեպտեմբերի 18-20-ը երեխային այլ երկիր տանելու համար:

Դեսպանատան հարցազրույցի օրը բաց չթողնելու համար Աբրահամ Բալաբանյանը ստիպված է եղել Թբիլիսիից Դուբլին մեկնելու համար թանկ գնով տոմսեր գնել, սակայն երեխաների առողջական վիճակի վատացման պատճառով դիմել է բժշկի: Այս թռիչքը ևս բաց են թողել, իսկ դեսպանատանը եւս մեկ անգամ հարցազրույցի գրանցվելը մեծ դժվարություններ է առաջացրել:

Ինչպես պնդել են Բալաբանյանի ներկայացուցիչները, սահմանապահ զորքերի ապօրինի գործողությունների հետևանքով երեխաներից մեկը չի կարողացել դպրոց հաճախել, ամուսինների արձակուրդն ավարտվել է, սակայն նրանք չեն կարողացել վերադառնալ աշխատանքի: Այստեղ ևս նրանց համար լուրջ բարդություններ են ծագել:

ԱԱԾ-ի սահմանապահ զորքերից դատարանին հայտնել են, որ Բալաբանյանը չի ներկայացրել իր անչափահաս երեխաների՝ Իռլանդիա մուտքի վիզա ունենալու կամ այնտեղ օրինական բնակվելու կարգավիճակը հավաստող որևէ պաշտոնական փաստաթուղթ: Իրենք չեն ունեցել որևէ իրավական հիմք, պաշտոնական գրություն կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ինչով պայմանավորված՝ թույլ չեն տվել երեխաներին հատել պետական սահմանը: Իրենց ներկայացվել է առանց թարգմանության և նոտարական վավերացման մի փաստաթուղթ, որի բովանդակության իսկությունն իրենց համար պարզ չի եղել:

Հայտնել են նաև, որ Իռլանդիա մուտք գործելու կարգի փոփոխության մասին սահմանապահ զորքերի ծառայողները տեղեկացվել են հետագայում՝ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից, և 2022թ. սեպտեմբերի 5-ին թույլատրվել է անչափահաս երեխաներին «Զվարթնոց» օդանավակայանով հատել ՀՀ պետական սահմանը:

Վարչական դատարանը նոյեմբերի 30-ին վճիռ է կայացրել՝ ոչ իրավաչափ ճանաչելով ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների գործողությունները: Վճռվել է ծառայությունից հօգուտ Բալաբանյանի բռնագանձել դատական ծախսերը՝ 110 հազ. դրամ:

Դատարանը հաստատված է համարել, որ Աբրահամ Բալաբանյանը և նրա կինն ունեն Իռլանդիայի Հանրապետությունում բնակության թույլտվություն՝ կացության քարտեր: Այսինքն՝ նրանք հանդիսանում են Իռլանդիայում օրինական բնակվելու իրավունք ունեցող անձինք: Հետևաբար, Աբրահամ Բալաբանյանի անչափահաս երեխաների համար Իռլանդիայի Հանրապետություն մեկնելու համար կրկին մուտքի վիզայի (re-entry visa) պահանջ սահմանված չի եղել: Սակայն, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերն այդ հանգամանքն անտեսել են՝ ոչ իրավաչափորեն միջամտելով Բալաբանյանի ընտանիքի ազատ տեղաշարժի՝ ՀՀ-ից դուրս գալու իրավունքին:

Վարչական դատարանը, անդրադառնալով սահմանապահ զորքերի ներկայացուցիչների այն դիրքորոշումը, թե Աբրահամ Բալաբանյանը սահմանապահներին չի ներկայացրել իր անչափահաս երեխաների՝ Իռլանդիա մուտքի վիզա ունենալու կամ այնտեղ օրինական բնակվելու կարգավիճակը հավաստող որևէ պաշտոնական փաստաթուղթ, անհիմն է համարել: Նախ՝ տվյալ իրավիճակում ծնողները չեն ունեցել իրենց անչափահաս երեխաների՝ Իռլանդիա մուտքի վիզա ունենալու կամ այնտեղ օրինական բնակվելու կարգավիճակը հավաստող պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու որևէ պարտականություն, հետևաբար չէին կարող ներկայացնել գոյություն չունեցող փաստաթուղթ:

Դատարանը, վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը, նշել է, որ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել, և արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով: Իսկ եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: Օրենքի հենց այդ պահանջն էլ խախտել են սահմանապահներ, կապիտան Նիկոլայ Սարգսյանը և մայոր Արշակյանը:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:

Լուսանկարը՝ ԱԱԾ տեսանյութից (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter