HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը տարածաշրջանային աջակցություն է ստացել COP29 կլիմայական գագաթնաժողովի անցկացման համար

Ադրբեջանը հաջորդ տարի կհյուրընկալի կլիմայի փոփոխության հարցերով COP29 գագաթնաժողովը: Շաբաթ օրը Ադրբեջանը ստացել էր Արևելյան Եվրոպայի մյուս երկրների աջակցությունն այս հարցում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

Արևելաեվրոպական տարածաշրջանի երկրները (հենց այս տարածաշրջանը պետք է հաջորդ տարի ընդունի գագաթնաժողովը-խմբ.) Դուբայում կայացած COP28 գագաթնաժողովի ժամանակ աջակցել են Բաքվի հայտին։ Բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ տարածաշրջանային խմբի երկրները շաբաթ կեսօրին կայացած նիստի ժամանակ պաշտոնապես աջակցել են Ադրբեջանի հայտին:

«Աջակցության համար մենք շատ շնորհակալ ենք բոլոր երկրներին, մասնավորապես, արևելաեվրոպական խմբին և Արաբական Միացյալ Էմիրություններին, որը հյուրընկալում է ընթացիկ գագաթնաժողովը»,- COP28 գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոլոգիայի նախարար Մուխտար Բաբաևը։ 

Հաջորդ գագաթնաժողովի ընդունման կողմի մասին որոշումը հետաձգվել էր այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել էր, որ վետո կկիրառի գագաթնաժողովի անցկացման համար Եվրամիության ցանկացած երկրի հայտի նկատմամբ:

Բաքվի հայտը դեռևս պաշտոնապես պետք է հաստատեն COP28-ին մասնակից ավելի քան 200 երկրները, սակայն պատվիրակները շաբաթ օրը հայտարարել են, որ ակնկալում են, որ այդ քվեարկությունը միայն ձևականություն կլինի:

ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների անցկացման վայրերը սովորաբար հայտարարվում են դրանց անցկացումից մի քանի տարի առաջ, և փակուղային իրավիճակը, որում հայտնվել է Բաքուն, նրան քիչ ժամանակ է թողել զանգվածային այս իրադարձությանը նախապատրաստվելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն ուրբաթ օրը Reuters-ին նշել էր, որ Բաքուն լավ պատրաստվել է գագաթնաժողովի անցկացմանը և ունի բավարար հարթակներ ու հարմարություններ։

ԱՄԷ-ում ՄԱԿ-ի այս կլիմայական գագաթնաժողովը պատմության մեջ ամենախոշորն էր, որին մասնակցում էր ավելի քան 110,000 պատվիրակ։ ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովի նախագահությունը ընդունող երկրին հսկայական հնարավորություն է տալիս դրա օրակարգը և արդյունքները ձևավորելու համար:

Հինգշաբթի օրը Ադրբեջանն ու Հայաստանը հայտարարեցին համաձայնության մասին, որով Հայաստանը համաձայնեց վետո չկիրառել Ադրբեջանի հայտի վրա ու հանեց նույն գագաթնաժողովն անցկացնելու իր թեկնածությունը։

Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ հաջորդ տարի այս գագաթնաժողովը անցկացնելու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան, իսկ Սերբիան դիտարկում է նման հնարավորություն։ Սակայն այդ մտադրությունները հնչել էին մինչև Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը։

Լուսանկարը՝ Reuters/Maxim Shemetov/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter