
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկելու համար երկրի բոլոր մարզերում ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 09:00-ին (Երևանի ժամանակով` ժամը 11: 00-ին):
Ընտրությունները կկայանան երեք օր՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին: Տեղամասերը կփակվեն ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով` 23:00-ին): Քվեարկելու իրավունք ունեն մոտ 67 միլիոն եգիպտացիներ։ Ընտրությունների ժամանակ Եգիպտոսի տարածքում գործելու են 9376 ընտրատեղամասեր։ Ընտրական գործընթացին հետևելու են միջազգային 14 կազմակերպություններ։ Հավատարմագրվել են նաև 220 միջազգային դիտորդներ:
Գործող նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ նախագահի պաշտոնի համար պայքարում են «Հանրապետական ազգային կուսակցության» առաջնորդ Հազեմ Օմարը, «Վաֆդ» լիբերալ կուսակցության առաջնորդ Աբդել Սանադ Յամաման և «Եգիպտական սոցիալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Ֆարիդ Զահրանը։
Օգոստոսին Եգիպտոսի խորհրդարանի խոշորագույն «Մուսթաքբալ վաթան» («Հայրենիքի ապագա»-խմբ.) կուսակցությունը հայտարարեց, որ աջակցում է ալ-Սիսիի թեկնածությանը։
Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարել էր ընտրությունների անցկացման օրվա մասին։ Հոկտեմբերի սկզբին երկրի գործող ղեկավարը հայտնել էր, որ առաջադրվելու է երրորդ ժամկետով։
Ընտրություններին գրանցվելու համար փաստաթղթերի ընդունումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-14-ը։ Թեկնածուների վերջնական ցուցակը Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովը հաստատել էր նոյեմբերի 9-ին։ Նույն օրը պաշտոնապես մեկնարկեց շուրջ մեկ ամիս տևած քարոզարշավը: Անցած ուրբաթ և շաբաթ օրերը լռության օրեր էին, որոնց ընթացքում արգելվում էր նախընտրական ցանկացած քարոզչություն:
Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն դեկտեմբերի 18-ին: Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կկայանա 2024 թվականի հունվարին։
Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2014 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո, որոնք տեղի էին ունեցել Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության իշխանությունից հեռացումից մեկ տարի անց։ 2018 թվականին նա վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ 2019 թվականի ապրիլին Եգիպտոսում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում ընդունվեցին փոփոխություններ, որոնք ալ-Սիսիին հնարավորություն տվեցին առաջադրվել նոր ժամկետով, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը չորսից բարձրացվեց վեց տարվա: Այսպիսով, ներկայիս ընտրություններում հաղթելու դեպքում նա նախագահի պաշտոնում կմնա մինչև 2030 թվականը:
Լուսանկարը՝ AFP / Yasser Al-zayyat
Մեկնաբանել