HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիական դատարանը 6 դեռահասների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել 2020 թվականին ուսուցիչ Սամուել Փաթիի սպանության գործով

Ֆրանսիական դատարանը 6 դեռահասների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել 2020 թվականին ուսուցիչ Սամուել Փաթիի սպանության գործով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

Աշխարհագրության և պատմության ուսուցիչ Սամուել Փաթին սպանվել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Ուսուցչի սպանության պատճառն այն էր, որ նա, իր աշակերտներին պատմելով խոսքի ազատության մասին, իբր, ցույց էր տվել Charlie Hebdo ամսագրում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը:

Սպանությունն իրագործել էր 18-ամյա չեչեն Աբդուլահ Անզորովը։ Ձերբակալության ժամանակ ոստիկանները նրան գնդակահարել էին։

Չորս դեռահասներ, որոնք սպանության պահին 14-15 տարեկան էին, դատապարտվել են 14-18 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման։ Եվս մեկ ամբաստանյալ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, որից 18 ամիսը՝ պայմանական։ Մնացած 6 ամիսները նա կանցկացնի տնային կալանքի տակ։

Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել «ծանրացնող հանգամանքներում բռնություն նախապատրաստելու հանցավոր դավադրության» համար։ Մեղադրող կողմը պնդում է, որ նրանք 300-350 եվրո գումարի խոստումների դիմաց մարդասպանին, որը չգիտեր, թե ինչ տեսք ունի ուսուցիչը, ցույց են տվել Սամուել Փաթիին:

Մեկ այլ աղջիկ էլ մեղադրվում էր զրպարտության մեջ։ Հենց նա էր հայտարարել, որ ուսուցիչը դասի ժամանակ ծաղրանկարներ է ցուցադրել, թեև ինքը դասին ներկա չի եղել։ Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ ստել է։ Նրան դատապարտել են 18 ամսվա պայմանական ազատազրկման։

Դատական հաջորդ գործընթացի ժամանակ ևս ութ մեծահասակ ուսուցչի սպանության գործով պետք է կանգնի դատարանի առաջ: Նրանց թվում է նաև աշակերտուհու հայրը, որը սոցիալական ցանցերում ուսուցչի դեմ կեղծ մեղադրանքներ է հրապարակել։ Սպասվում է, որ նրանց դատական նիստը կկայանա տարեվերջին։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter