2023 թվականի սկզբից ի վեր աշխարհում զոհվել է ԶԼՄ-ների առնվազն 94 աշխատակից
2023 թվականի սկզբից ի վեր աշխարհում սպանվել է առնվազն 94 լրագրող և ԶԼՄ աշխատակից։ Այդ մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան: Կազմակերպության տվյալներով՝ սա 1990 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, երբ Լրագրողների միջազգային ֆեդերացիան սկսեց վարել այս ցանկը:
2023 թվականին զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67 %-ով։ Առաջին հերթին դա կապված է Մերձավոր Արևելքում պատերազմի հետ, որը Լրագրողների միջազգային ֆեդերացիայում անվանել են «լրագրողների համար ամենամահաբեր հակամարտությունը»։
Կազմակերպության տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի 2 ամիսների ընթացքում զոհվել է ԶԼՄ-ների 68 աշխատակից։ Միևնույն ժամանակ Ուկրաինայում, կազմակերպության տվյալներով, անցած տարվա ընթացքում 3 լրագրող է զոհվել։ Ընդ որում, կազմակերպության ցուցակում չի նշվում Россия 24-ի աշխատակից Բորիս Մակսուդովը, որը զոհվել է նոյեմբերի վերջին:
Մեկնաբանելով 2023 թվականի արդյունքները՝ կազմակերպությունը միջազգային հանրությունից պահանջել է անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ ուղղված արյունահեղության դադարեցմանը, այդ թվում՝ Գազայի հատվածում։ Բացի այդ, ֆեդերացիան ընդգծել է «նոր միջազգային ստանդարտի» ստեղծման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների աշխատակիցների պաշտպանությանը:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայում նաև հայտնել են, որ 2023 թվականի վերջին 393 լրագրող տարբեր երկրներում գտնվում է անազատության մեջ։ Այս ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում Է Չինաստանը՝ Հոնկոնգի հետ միասին։ Այնտեղ անազատության մեջ են 80 լրագրողներ: Հաջորդը Մյանմարն է (54), Թուրքիան (41), Ռուսաստանը (40), Բելառուսը (35), Եգիպտոսը (23), Վիետնամը (18), Սաուդյան Արաբիան (11), Հնդկաստանը (10) և Սիրիան (9):
Լուսանկարը՝ Nati Shohat/Flash90
Մեկնաբանել