
Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի սպասվում
Բրյուսելում, որտեղ այսօր մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում չի նախատեսվում։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նա փոխանցել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն ունի պլանավորած մի շարք երկկողմ հանդիպումներ, բայց ոչ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ևս հայտարարել էր, որ Բրյուսելում արտաքին գործերի նախարարների մակարդակով բանակցություններ չեն սպասվում։
Այսօր Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացնում Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Գագաթնաժողովը ղեկավարում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Ինչպես փոխանցել են Եվրամիության պաշտոնյաները, նախարարները կքննարկեն Արևելյան գործընկերության քաղաքականությունը, դրա ձեռքբերումներն ու ապագա քաղաքականությունը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել