
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ: Այդ մասին Tasnim գործակալության փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
Նա նշել է, որ Իրանը դա դրական քայլ է անվանում: «Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության գործում։ Կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանի երկրների միջև խաղաղության և վստահության մթնոլորտի ամրապնդում: Հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին՝ հանուն խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել։ Ըստ հայտարարության՝ Հայաստան էր վերադառնալու 32, իսկ Ադրբեջան՝ 2 գերի։
«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը»,- ասված էր հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Shutterstock Photo-ից
Մեկնաբանել