Սոցիալական փաթեթի ծրագիրը կատարելագործվելու է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել սոցիալական փաթեթի խնդրից։ Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից։ Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, և այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների կողմից։ Այս պահի դրությամբ արդեն ունենք 150 սրտի վիրահատություն, և այդ առումով նաև մեր պետական ծառայողների հետաքրքրությունը սոցիալական փաթեթի նկատմամբ, բնականաբար, ավելանում է։
Բայց մյուս կողմից այսօր զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են և մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն։ Քանի որ սա պիլոտային ծրագիր է, անհրաժեշտ է անմիջապես արձագանքել, և ես հանձնարարում եմ ֆինանսների նախարարին և կրթության և գիտության նախարարին, որպեսզի հրապարակումներում զետեղված տեղեկատվությունը դարձնեն քննարկման առարկա և ծառայողական քննություն սկսեն։ Լրագրողներից պարզեք, թե կոնկրետ որ դպրոցների մասին է խոսքը։ Ծառայողական քննությամբ փորձենք հասկանալ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ։ Բայց պետք է շատ օպերատիվ արձագանքել նման մտավախությանը, որովհետև մենք մտադիր ենք այս ծրագիրը կատարելագործել և շարունակել 2013, 2014 թվականներին։ Մեր բոլոր մարզային այցելությունների ժամանակ մեր քաղաքացիները խնդրում են, որ իրենք նույնպես մասնակցեն սոցիալական փաթեթին։ Դա նշանակում է, որ այս ծառայությունը պետության կողմից պահանջված է։ Բայց անթույլատրելի են այսպիսի չարաշահումները, եթե, իհարկե, դրանք համապատասխանում են իրականությանը»։
ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։ Իրավական ակտի ընդունման նպատակն է սահմանել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցները, դրանց կատարման պատասխանատուն, կատարման վերջնաժամկետը և բյուջեն։Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ որոշման դրույթների կիրառումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա։ Սակայն մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ։ Նշելով այդ հանգամանքը` վարչապետն ասել է. «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետև կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն և որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ։ Այսինքն, պետք է այնպես անել, որպեսզի այդ դաշտում ավելանա մրցակցությունը և նորմալ շուկայական գներ ձևավորվեն։
Ցավոք, այսօր տեսնում ենք, և մեր վերջին ստուգումներն էլ այդ են վկայում, որ ավանդույթի ուժով դեռևս որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, ստացել են անվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը և գերշահույթ են ստանում։ Մինչդեռ քաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն։ Սրանք ռեզերվներ են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք օգտագործել, որպեսզի ոլորտում ուժեղացնենք մրցակցությունը և թույլ չտանք, որպեսզի գների չարդարացված բարձրացում լինի։ Պետք է վստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել