
Հռոմի պապը ուրախ է հայ և ադրբեջանցի գերիների փոխանակման լուրից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ հայտարարել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
«Ես ուրախ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման համար և մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների այս դրական ազդակին։ Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել»,- TACC գործակալության փոխանցմամբ հավելել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել։ Ըստ հայտարարության՝ Հայաստան էր վերադառնալու 32, իսկ Ադրբեջան՝ 2 գերի։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- ասված էր երկու երկրների հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ CNS photo/Lola Gomez
Մեկնաբանել