
Բրազիլիայի նախագահը հրաժարվել է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, երբ վերջինս կանգ է առել Բրազիլիայում՝ Արգենտինա մեկնելու ճանապարհին: Այդ մասին հայտնում է բրազիլական O Globo-ն՝ հղում անելով Բրազիլիայի ԱԳՆ իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Բրազիլիայի առաջնորդը չի համաձայնել հանդիպել, քանի որ առաջարկն արվել է «վերջին պահին»՝ դեկտեմբերի 7-ին, երբ նախագահ Լուլա դա Սիլվան ու Բրազիլիայի ԱԳՆ ներկայացուցիչները Ռիո դե Ժանեյրոյում մասնակցում էին Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Բացի այդ, հանդիպման ժամանակը և պայմանները բրազիլական կողմը «անսովոր» է համարել։
Նա Արգենտինա է մեկնել ինքնաթիռի վայրէջքից երկու ժամ անց։ «Շատ հազվադեպ են նման հանդիպումներ անցկացվում ավիաբազայում՝ առանց նախապատրաստման և նախնական ծանուցման», - պարբերականին ասել է անանուն դիվանագետը:
Մայիսին Ուկրաինայի և Բրազիլիայի առաջնորդները ներկա էին Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովին, բայց այդ ժամանակ նրանք երկկողմ հանդիպում չէին ունեցել, որին, ըստ Լուլա դա Սիլվայի, Զելենսկին «չէր ներկայացել»: Բրազիլիայի նախագահի խոսքով՝ G7-ի ընդլայնված հանդիպման ժամանակ Զելենսկիի ելույթը չի փոխել իր դիրքորոշումը Եվրոպայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ուկրաինայի ու Բրազիլիայի նախագահներին հաջողվել էր հանդիպել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Լուսանկարը՝ PR/Ricardo Stuckert
Մեկնաբանել