
Եվրամիությունը էապես մեծացնում է Հայաստանում քաղաքացիական առաքելության անդամների թիվը
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են ընդունել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անդամների թիվը 138-ից հասցնել 209-ի: Այդ մասին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա փոխանցմամբ՝ օրվա սկզբում ԵՄ ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, և վերջինս հայտարարել է, որ «Հայաստանը հստակ կցանկանար տեսնել ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման օգուտները»:
«Մենք պատրաստ ենք դրական պատասխանել։ Որպես ընդլայնված գործընկերության առաջին քայլ՝ այսօր ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ տեղում մեր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության թվաքանակի կարևոր ավելացում է, և սա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»,- նշել է Բորելը։
Նրա խոսքով՝ «այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական շանս կա, և ԵՄ-ն մտադիր է այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ»։
Լուսանկարը՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի բաժնի
Մեկնաբանել