HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գերեզմանը թալանել են. գողացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները

Օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը:

Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետք»-ին ասաց, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը:

Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր:

Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված: «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել:

Դուստրիկ Մխիթարյանն ասաց, որ դիմել են ոստիկանություն՝ հույս ունենալով գտնել արարքը կատարողներին: Նշեց, որ նպատակը հետագայում նմանատիպ դեպքերը կանխելն է, քանի որ շիրիմներն այդ ձևով պղծելը դեմ է մեր արժեքներին:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գերեզմանատների գողությունների դեպքով առանձին վիճակագրություն չեն վարում, հետևաբար՝ առանձին տվյալներ դուրս հանելու համար ժամանակ է պետք:

Երևանում գործում է 21 գերեզմանատուն: Այն սպասարկող Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երևանի գերեզմանատների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 550 հա: Ամեն գերեզմանատանը կա 2 հսկիչ, 1 վարիչ և 3-4 բանվոր"

«Ֆիզիկապես նման ահռելի տարածքը վերահսկել հնարավոր չէ: Գերեզմանատները պարսպապատված չեն, ավտոմեքենաների համար մի քանի մուտք կա, որը անհնար է վերահսկելը: Մեր աշխատանքային ժամը մինչև 18:00-ն է, դրանից հետո գերեզմանատներում որևէ մեկը չի լինում: Հաստիքով պահակ էլ նախատեսված չէ»,- ասաց Հրաչյա Նազարյանը:

ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ գերեզմանատներից կատարվող գողությունները հաճախակի են դարձել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ու վերահսկելն անհնար է: Հ. Նազարյանի համար պարզ չէ, թե որն է պատճառը, սակայն նմանատիպ դեպքերն ավելանում են հատկապես ձմռան ամիսներին:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Երևանի քաղաքապետարանը, երբ գերեզմաններից կատարվող գողությունների դեպքերն ավելանում են:

«Նման դեպքեր, երբ մեր կողմից հայտնաբերվում են, դիմում ենք իրավապահ մարմիններին կամ հորդորում ենք, որ քաղաքացիները դիմեն իրավապահներին: Վերջին երկու ամսվա ընթացքում արդեն 4-5 ահազանգ ենք ստացել գերեզմանատներից»,- նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Հրաչյա Նազարյանն ասաց, որ լուծումը տարածքի պարսպապատումն է: Նրա խոսքով՝ այժմ քաղաքապետարանում նախագիծ է պատրաստվում, որպեսզի Զեյթունի և Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատները պարսպապատվեն: Դրանից հետո մեքենաների համար կլինի 1-2 մուտք, որպեսզի չկարողանան գողանալ նաև գերեզմանաքարերը: Պարզվում է՝ նաև նման դեպքեր են գրանցվում:

Պարսպապատումից հետո միայն հնարավոր կլինի տեսախցիկներ տեղադրել ու վերահսկել իրավիճակը:

«Իսկ ծաղիկների ու ծաղկեպսակների գողությունը անհնար է վերահսկել, քանի որ դրանք հնարավոր է ոտքի ճանապարհով էլ տանել»,- հավելեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Թե երբ պարսպապատման ծրագիրը իրականություն կդառնա, դժվար է ասել: Իսկ այս ընթացքում հարազատները կամ ստիպված պետք է գերեզմանատներում պահակություն անեն, որ գողության դեպքեր չգրանցվեն, կամ հուսան, որ գողերը կշրջանցեն իրենց հարազատի շիրիմը:

Լուսանկարները տրամադրել են Աշոտ Մխիթարյանի հարազատները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter