HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվեր Հայաստանի ՊԵԿ-ից՝ Արցախի ՊԵԿ-ին

ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի N30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, որին են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները։ Համալսարանը պետության լիազորությամբ և աջակցությամբ հնարավորություն ունի զարգացնելու մինչբուհական կրթությունը` մշակելով և կիրառելով միասնական չափորոշիչներ, դպրոցն ապահովել համալսարանի մասնագետներով։ Հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում կատարվել են փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են 5-9-րդ դասարաններում և 10-11-րդ դասարանների հումանիտար հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի լիարժեք և ամբողջական ուսուցման անհրաժեշտությամբ։

Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որի նպատակն է կանոնակարգել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքի կառուցապատումը, ինչպես նաև քաղաքաշինական գործառույթների իրականացման իրավասությունը վերապահել տեղական ինքնակառավարման և պետական տարածքային կառավարման մարմիններին։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ, մասնավորապես, բացառվում է մետաղական օգտակար հանածոների համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների սահմանումը և որոշումը համապատասխանեցվում «ՀՀ ընդերքի մասին» նոր օրենսգրքի պահանջներին։

Փոփոխելով և լրացնելով «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» իր նախկին որոշումը, կառավարությունը սահմանել է, որ ոստիկանության օպերատիվ հետախուզական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության կարող են անցնել միայն ոստիկան և ոստիկան-սպա որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։

Կառավարության որոշմամբ «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 20 մլն 792 հազար դրամ ընդհանուր արժեքով հիմնական միջոցները` մեկ ավտոմեքենան, քսանական համակարգիչը, մոնիտորը և անխափան սնուցման սարքը, նվիրաբերվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ԼՂՀ հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով։

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին ևս կշնորհվեն դրամական մրցանակներ։

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ երրորդ փուլի իրականացման նպատակով գործադիրը ՀՀ մարզպետարաններին հատկացրել է 25 մլն դրամ։

Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության վճարները հավաքելու և հետագայում փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ։

Ռեստորանի ծառայություն մատուցող տնտեսվարող սուբյեկտների ընտրանքային հետազոտության իրականացման համար կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5 մլն դրամ։ Որոշման իրականացումը հնարավորություն կտա կատարելագործել հավաքվող տվյալների գնահատման և ճշգրտման գործիքակազմը, ապահովել հաշվառման ամբողջականությունը։

Կառավարությունը ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձանց տվյալները, որոնք մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում։ Այսպիսով, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը կիրականացվի միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter