
Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ Կոնգրես
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամանել է ԱՄՆ Կոնգրես։ Այնտեղ նա մի քանի հանդիպումներ կունենա։ Նրա այցն ամերիկյան օրենսդիր մարմին ուղիղ եթերով լուսաբանում է Sky News-ը։
Կոնգրեսում Ուկրաինայի նախագահը ցանկանում է հանդիպել ամերիկացի սենատորների հետ: Հավանական է, որ քննարկման գլխավոր թեման կլինի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրումը։ Այդ նպատակով նախագահ Ջո Բայդենն ավելի քան 100 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից։
Զելենսկին նաև բանակցություններ կվարի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ, որտեղ առանցքային թեման կլինի նաև Ուկրաինային աջակցությունը:
Հիշեցնենք, որ դեռ նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ջո Բայդենի հրավերով ժամանել էր Միացյալ Նահանգներ։
Ուկրաինայի նախագահն արդեն իսկ հասցրել է հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ։
Կոնգրես այցից բացի, Զելենսկին այսօր բանակցություններ կվարի նաև նախագահ Ջո Բայդենի հետ։
Լուսանկարը՝ Chip Somodevilla/Getty Images
Մեկնաբանել