HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը սկսել է Գազայի հատվածում հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները

Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է ծովային ջրով հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցը: Այդ մասին հայտնում է Thew Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ծանոթ են ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ-խմբ.) ռազմագործողություններին։

Պարբերականի զրուցակիցները նշում են, որ թունելների հեղեղման գործընթացը «վաղ փուլում է»: Նրանց խոսքով՝ դրանք կհեղեղվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Պարբերականը պնդում է, որ ՑԱԽԱԼ-ը յոթ պոմպ է տեղադրել, որոնք կարող են Միջերկրական ծովից ջուր մղել դեպի թունելներ:

The Wall Street Journal-ը գրում է, որ որ թունելների հեղեղմանը դեմ են ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող որոշ պատանդների հարազատներ։ Նրանց կարծիքով՝ գրոհայինները կարող են թունելներում պահել իրենց մտերիմներին։ Դեկտեմբերի 12-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել են մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ը սկսել է հեղեղել թունելները: «Եղել են հայտարարություններ, որ թունելներից որևէ մեկում պատանդներ չկան, բայց ես հաստատ չգիտեմ»,- պատասխանել է նախագահ Բայդենը։

Բայդենի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ մտավախություն ունեն, որ ծովի ջրի օգտագործումը կարող է վտանգել Գազայի հատվածում քաղցրահամ ջրի պաշարները: Ամերիկացի այլ պաշտոնյաներ ասում են, որ այս մեթոդը կարող է օգնել ավերել թունելների ցանցի մի մասը:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ The Wall Street Journal-ին՝ նշելով, որ թունելներում իսրայելցի զինվորականների գործողությունները պետական գաղտնիք են:

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին «լավ գաղափար» էր անվանել Գազայի հատվածում թունելների հեղեղումը: Նա հրաժարվել էր մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, որ ՑԱԽԱԼ-ն այդպիսի ծրագրեր ունի։

Financial Times-ը գրել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելների ցանցի ոչնչացումը ՑԱԽԱԼ-ի շարունակվող գործողության ամենակարևոր ու բարդ խնդիրներից մեկն է: Պարբերականը նշել էր, որ 2016 թվականից ի վեր Իսրայելը ԱՄՆ-ից 320 միլիոն դոլար է ստացել թունելների ոչնչացման տեխնիկա մշակելու համար, սակայն դեռևս մշակված մեթոդներից ոչ մեկը երաշխավորված արդյունք չի տալիս:

Իսրայելական բանակի դեկտեմբերի 3-ի տվյալներով՝ Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ՑԱԽԱԼ-ը հայտնաբերել է ավելի քան 800 հանքեր, որոնք տանում են դեպի ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելներ, որոնցից մոտ 500-ը ավերվել են:

Լուսանկարը՝ Reuters/Ronen Zvulun/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter