HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում. Շառլ Միշել

Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում։ Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն», - նշել է Միշելը։

«Ազատության» այն հարցին, թե «հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», Շառլ Միշելը արձագանքել է, որ չի ուզում խորանալ մանրամասների մեջ՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

«Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի բարձրացնենք աչալրջությունը և փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում», - հավելել է եվրոպացի պաշտոնյան:

Միշելը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպման համար։

«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային», - ասել է նա:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, որը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter