
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետքի» հոդվածի հիման վրա
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» հոդվածի հիման վրա: Հրապարակումը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկել է Գլխավոր դատախազությունը՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն բացահայտում, թե որ հոդվածի հատկանիշներով է վարույթը նախաձեռնվել:
Ըստ մեր հրապարակման՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար:
Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Վերջինս Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսինն է:
Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել է աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը՝ Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ):
Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել:
Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն համարվող հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:
Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը:
Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: Շահինյանը Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է, այսինքն՝ համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի:
Շ. Շահինյանը 2017թ.-ից, այսինքն՝ հիմնադրման օրվանից զբաղեցնում է նաև «Ինտեր Գազ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը: Ընկերության միակ սեփականատերը Աշոտ Միրզոյանն է:
Շահեն Շահինյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ համայնքապետարանից աճուրդով գնած հողի գումարը փոխառությամբ վերցրել է Աշոտ Միրզոյանից, այսինքն՝ Դիանա Գասպարյանի սկեսրայրից։
Մեկնաբանել