Ադրբեջանը շուտով կպատասխանի խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի մեկնաբանություններին
Բաքուն մոտ ժամանակներս կպատասխանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ներկայում ադրբեջանական կողմն իր կարծիքն է ձևավորում հայկական կողմից ստացված մեկնաբանությունների վերաբերյալ: Մեր պատասխանը առաջիկայում կփոխանցվի Հայաստանին»,- նշել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ այժմ երկու երկրները հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն ունեն։ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն էլ կձեռնարկի հաջորդ քայլերը՝ ելնելով նման մոտեցումից»,- հավելել է Բայրամովը։
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրեց խաղաղության փաստաթղթի վրա աշխատանքի ձգձգման մեջ: Նրա խոսքով՝ «խաղաղության պայմանագիրը առավելագույնը վեց-յոթ էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է 20-ից պակաս հոդված»։ Նրա խոսքով՝ «Հայաստանին 70 օր պահանջվեց ադրբեջանական կողմի մեկնաբանություններին պատասխանելու համար»: Ադրբեջանի նախագահը նշել էր, որ ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների շուրջ հինգ-վեց փոխանակում, իսկ վերջին անգամ «ադրբեջանական կողմն իր վերջին մեկնաբանություններն ուղարկել էր սեպտեմբերի 11-ին»։
Հաջորդ օրը Հայաստանը հայտարարեց, որ պատասխանել է ադրբեջանական կողմի մեկնաբանություններին։
Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել