HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում՝ թափառող կենդանիներին վերաբերող հիմնախնդրի շուրջ

Այսօր Ազգային ժողովում թափառող շներին վերաբերող հիմնախնդրի լուծման վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։ Քննարկման նպատակը թափառող կենդանիների, հատկապես` շներին վերաբերող հիմնախնդրին համակողմանի եւ վերջնական լուծում տալն է: Առողջապահական ու սանիտարահիգիենիկ խնդրից բացի, թափառող կենդանիների հարցն արդեն դժբախտաբար հանրային անվտանգության սպառնալիք է դարձել` հանգեցնելով մարդկային մահերի ու ֆիզիկական վնասվածքների: Սա անթույլատրելի իրավիճակ է: Խնդիրն ունի զգայունություն, որը կայանում է մեր եւ թափառող, անտուն կամ տիրազուրկ կենդանիների համակեցությունն էթիկապես ճիշտ, միեւնույն ժամանակ անվտանգ եւ արդյունավետ կերպով կազմակերպելու մեջ: Կարծում եմ` շահագրգիռ գերատեսչությունների իրավասությունների շրջանակում պետք է ամեն ինչ անել, բոլոր ջանքերը գործադրել` խնդրին հրատապ լուծում տալու համար: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը թափառող շներին վերաբերող հիմնախնդրի լուծման վերաբերյալ դեկտեմբերի 15-ին իր հրավիրած աշխատանքային քննարկմանը:

Մասնակցել են ներկայացուցիչներ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, ՆԳՆ ոստիկանությունից, Երեւանի քաղաքապետարանից:

Հաշվի առնելով խնդրի լուծման անհրաժեշտությունը` Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ պատգամավորների հետ ուսումնասիրել են ոլորտի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը եւ մի քանի տարի աշխատելուց հետո նախաձեռնել համապատասխան օրենսդրական փաթեթ: Բարձրաձայնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական կարգավորումները` պատգամավորը նշել է` թափառող կենդանիների համար պետք է կառուցվեն հատուկ ապաստարաններ ու կացարաններ, իսկ ՏԻՄ-երին կվերապահվեն լրացուցիչ գործառույթ եւ լիազորություններ` ամբողջ գործընթացը կազմակերպելու, համակարգելու եւ վերահսկելու համար: Պատգամավորները նախատեսում են իրականացնել նաեւ կենդանիների որդեգրման ինստիտուտի փորձարկում: Այն նախատեսված կլինի այն քաղաքացիների համար, որոնք կնախընտրեն որդեգրել կացարաններում պահվող կենդանիներին:

Մասնակիցներն իրենց դիտարկումներն ու առաջարկներն են նեկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կենդանիների հաշվառման կենտրոնացված առցանց համակարգի ստեղծմանը, ստերջացմանն ու պաստվաստման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Կարեւորվել են թափառող կենդանիների համար համայնքային կացարանների ստեղծումը, չիպերի միջոցով կենդանիների նույնականացումը: Քննարկվել է կացարանների կառուցման ֆինանսավորման հարցը: Նախատեսվում է, որ այն կիրականացնեն համայնքները պետության կողմից տրվող սուբվենցիաների միջոցով: Կարեւորվել է գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Ամփոփելով քննարկումը` Մերի Գալստյանն այն համարել է արդյունավետ: Նա նշել է, որ բարձրացված առաջարկները լրացուցիչ կքննարկվեն ու հնարավորության դեպքում կներառվեն առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք օրենսդրական փաթեթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter