HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգեպատի համայնքապետը կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել է իր աներոջը

Ս.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ն (լիազորությունները դադարեցված են) Համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ.Մ.-ի հետ համատեղ, համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառեl այն մասին, որ ավագանու երկու անդամները կողմ են համայնքի կենցաղի տան կիսաքանդ շենքն օտարելուն (իրականում կենցաղի տունը  2008-2010 թվականների ընթացքում վերանորոգվել է): 

Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը:

Կազմակերպված աճուրդ-վաճառքին մասնակցել և հաղթող է ճանաչվել Ս.Պ.-ի աները՝ Ռ.Խ.-ն: Աճուրդից առաջ տվյալ տարածքը 15 տարով վարձակալության է տրամադրված եղել ամսական 10 հազար դրամով: Վարձակալության գումարը վաճառքից հետո վճարվել է համայնքի ղեկավարին: 

Ռ.Խ.-ն վերոնշյալ գույքը 2018 թվականի մարտի 13-ին ձևական առուվաճառքի պայմանագրով՝ 3 մլն դրամով, օտարել է իր դստերը՝ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի կնոջը:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացումը): 

Պաշտոնեական կեղծիք կատարելուն և վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ավագանու նախկին անդամների նկատմամբ, իսկ  վստահված գույքի հափշտակության, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն և փողերի լվացմանն օժանդակելու համար՝ համայնքի ղեկավարի աներոջ՝ Ռ.Խ.-ի նկատմամբ:

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա, արգելանք է կիրառվել»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter