
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 12-րդ փաթեթը, ինչը կապված է Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակվող հարձակման հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչությունը։
Պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի Ռուսաստանից ադամանդի ներկրման, գնման և փոխանցման արգելքը։ Պատժամիջոցը տարածվում է ռուսական ոչ արդյունաբերական բնական և սինթետիկ ադամանդների, իսկ արդեն 2024 թվականի հունվարի 1-ից նաև ադամանդներով զարդերի վրա։
2024 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը ԵՄ-ն աստիճանաբար արգելքներ կսահմանի երրորդ երկրներում դրանց մշակման համար ռուսական ադամանդի ներմուծման վրա, այդ թվում՝ ռուսական ծագման ադամանդներով ոսկերչական իրերի։
Եվրամիության որոշմամբ` ԵՄ արտահանողները, երրորդ երկրներ արտահանելիս, պետք է պայմանագրերով արգելեն «հատկապես զգայուն ապրանքների ու տեխնոլոգիաների» վերաարտահանումը Ռուսաստան, բացառությամբ գործընկեր երկրների:
ԵՄ երկրները կարող են թույլատրել Ռուսաստանում բնակվող ԵՄ քաղաքացիների ավտոմեքենաների մուտքը, պայմանով, որ դրանք նախատեսված չեն վաճառքի համար և օգտագործվում են միայն անձնական նպատակներով:
Պատժամիջոցների 12-րդ փաթեթի մասին որոշումը հրապարակվել է և մտել ուժի մեջ։
Լուսանկարը՝ Yves Herman/Reuters
Մեկնաբանել