
Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 118 մարդ է զոհվել
Դեկտեմբերի 19-ի գիշերը 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգում։ Reuters-ը հաղորդում է, որ ուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Ցինհայ նահանգում։
BBC-ն գրում է, որ դեկտեմբերի 19-ի առավոտյան դրությամբ՝ Գանսու նահանգում երկրաշարժի հետևանքով զոհվել է 105 մարդ, ևս 397-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ցինհայում էլ զոհվել է 13 մարդ, իսկ 182-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Երկրաշարժը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ խափանվել է ջրամատակարարումը, էլեկտրականության մատակարարումը, կապը, վնասվել են ճանապարհներ և այլ օբյեկտներ։
Որոնողափրկարարական գործողության իրականացումը, որին մի քանի հազար մարդ է միացել, բարդանում է եղանակային պայմանների պատճառով: Տուժած մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը գիշերը իջել է մինչև մինուս 14 աստիճան ըստ Ցելսիուսի։ Չինական լրատվամիջոցները գրում են, որ սառնամանիքների պատճառով 72-ժամյա պատուհանը, որի ժամանակ պետք է հասցնել փրկել փլատակների տակ հայտնվածներին, զգալիորեն կրճատվում է։
Լուսանկարը՝ Jia Shengyan/Visual China Group/Getty Images
Մեկնաբանել