HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին վախեցրել է Ռուսաստանով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի դեմ:

«Նրանց (ԱՄՆ-ին-խմբ.) շատ վախեցնում էր Ռուսաստանի մերձեցումը Եվրոպայի հետ։ Նրանք այնտեղ պետք է տիրակալը լինեն։ Մշտապես վախեցնում էին։ Ահա, չար Ռուսաստանը սպառնում է ձեզ: Բայց ես շփվել եմ շատ առաջնորդների հետ, և ինձ ասում էին. «Իսկ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ»։ Այո, մենք հիմա էլ չենք պատրաստվում»,- հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին՝ որպես օրինակ նշելով Ֆինլանդիայում ամերիկյան զորքերի տեղակայումը: «Հիշեցնեմ, որ մենք բոլորս լավ գիտենք, որ 1991 թվականին Գորբաչովին խոստացել էին, որ ոչ-ոչ, ոչ մի թիզ դեպի արևելք, դե, ահա, խնդրեմ։ Ահա այդպիսի գործընկերներ: Նրանք անամոթաբար ստում են, պարզապես ամեն քայլափոխի: Ինձ ժամանակին ասում էին՝ դա (ՆԱՏՕ-ն-խմբ.) ռազմական դաշինք չէ, մերը քաղաքական կազմակերպություն է։ Իսկ հինգերորդ հոդվածը ոչ ոք երբեք չի չեղարկել։ Ընդ որում, ագրեսիվ, ինչպես արդեն ասացի, բնավորությունը չի թաքցվում», - ընդգծել է Պուտինը։

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածում ամրագրված է հավաքական պաշտպանության սկզբունքը։ Դաշինքի որևէ երկրի վրա ռազմական հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի վրա։

Նախօրեին՝ դեկտեմբերի 18-ին, Վաշինգտոնում պաշտպանության մասին պայմանագիր էր ստորագրվել Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի միջև։ DSA համաձայնագիրը ենթադրում է ամերիկացի զինվորականների տեղակայում Ֆինլանդիայի 15 ռազմական շրջաններում։ Պաշտպանության նախարար Անտի Հաքանենն ընդգծել է, որ Արևելյան Ֆինլանդիայում ՝ Ռուսաստանի հետ սահմանին ԱՄՆ բանակի տեղակայում չի լինի: Սակայն Կրեմլը սպառնալիք էր համարել այդ համաձայնագրի կնքումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև եղել են «ամենաջերմ հարաբերություններ», սակայն այժմ ռուսական կողմը ստիպված կլինի ռազմական ստորաբաժանումներ կենտրոնացնել Լենինգրադի ռազմական օկրուգում:

Լուսանկարը՝ Mikhail Klimentyev / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter