HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչ իրավապահները ստուգում են Գյումրիում ՌԴ քաղաքացու ձերբակալման փաստը, նրան արտադատական ճանապարհով տեղափոխել են ՌԴ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սետրակովը ռուս-ուկրաինական պատերազմում չի ցանկացել կռվել Ուկրաինայի դեմ և դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ժամանել է Հայաստան: Սակայն Գյումրի քաղաքում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների կողմից և պահվել բազայում: Մինչ օրս Հայաստանի իրավապահ մարմինները դեռ օպերատիվ տվյալներ են ստուգում՝ ռազմաբազայի ծառայողների կողմից Սետրակովի ձերբակալման վերաբերյալ: Սակայն, Սետրակովի կինը հայտնել է, որ ամուսնուն արդեն տեղափոխել են Ռուսաստան:

Դեպքի վերաբերյալ հայտնել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրանց դիմել է ռուսական իրավապաշտպանական կազմակերպություն՝ հայտնելով կատարվածի մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղի է ունեցել արտադատական էքստրադիցիա: Առանց իրավական փաստաթղթավորման, ուղղակի Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչների կամ ոստիկանների ուղեկցությամբ, Սետրակովը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ հարուցված քրեական գործով պատժի ենթարկվելու համար:

Անի Չատինյանն ասում է՝ եթե հավատանք Գլխավոր դատախազությանը, Սետրակովին հանձնելու միջնորդություն չի եղել: Եթե լիներ այդ միջնորդությունը, պետք է այն պատշաճ քննարկվեր, անձը իրավունք կունենար ապաստան հայցելու համար դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և այլն: Դրանից հետո նոր որոշում կկայացվեր՝ արտահանձնումը թույլատրել, թե ոչ: Այս դեպքում ռուսական ուժերն են ձերբակալել Սետրակովին, պահել են իրենց տիրապետության տակ, իրենք էլ Հայաստանի տարածքով տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն՝ առանց որևէ փաստաթղթավորման:

Այսօր Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

Հայտնել են նաև, որ Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն Գլխավոր դատախազությունում առկա չէ:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Անի Չատինյանը նշում է, որ մինչ Հայաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարություն է ուղարկել՝ իրականացնելու ստուգողական գործողություններ, այս պահին էլ դեռ իրականացվում են այդ գործողությունները, Դմիտրի Սետրակովն արդեն տեղափոխվել է Ռուսաստան:

«Այս պահին չունենք որևէ ապացողական փաստաթուղթ: Մեր կողմից հարցումներ են ուղարկվել՝ իրավապահ մարմիններից ճշտելու, թե ինչ գործողություններ են իրականացվել, որ անցակետով է Սետրակովն անցել, ում միջնորդությամբ: Մինչ այդ էլ դեպքի մասին հայտնի դառնալուց հետո Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել»,- նշում է Չատինյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենց տեղեկություններով Սետրակովը պահվել է ռազմաբազայում: Տեղեկությունները հակասական են նաև՝ որտեղից է նա ձերբակալվել՝ օդանավակայանի տարածքից, թե Գյումրի քաղաքից:

«Մեծ է հավանականությունը, որ Սետրակովը Ռուսաստանում ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների»,- հավելեց Ա. Չատինյանը:

Անի Չատինյանն ասում է, որ այս դեպքը վատ նախադեպ է Հայաստանի համար: Ըստ նրա՝ Հայաստանում են գտնվում մեծ թվով այլ երկրների քաղաքացիներ, որոնք իրենց երկրներում հետապնդվում են:

«Կարող ենք ասել, որ սա սպառնալիք է, քանի որ վաղը նույն ճակատագրին կարող են արժանանալ այլ անձինք, եթե Հայաստանը չձեռնարկի պատշաճ քայլեր, որ նման դեպքերը կանխվեն: Հայաստանի Հանրապետությունն ուներ այդ լիազորությունը, որ կանխեր, թույլ չտար, բայց Գլխավոր դատաախազությունը ոչինչ չարեց»,- ավելացրեց փաստաբանը:

Լուսանկարը՝ Dreamstime-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter