
«Ադրբեջանն այլևս որևէ ռազմական թիրախ չունի». Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «ուժային ճանապարհով բացել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք»։
««Մենք Հայաստանի կողմից տեսնում ենք կեղծ տագնապ և հիստերիա, ինչպես նաև Ադրբեջանի որոշ այլ մտադրությունների մասին որոշ գործընկերների կեղծ պատումներ։ Ադրբեջանն այլևս ռազմական թիրախներ չունի։ Մեզ համար պատերազմն ու առճակատումն ավարտվել են։ Մենք հասանք նրան, ինչին արժանի էինք»,- հայտարարել է Հաջիևը։
Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռևս առկա են «հարցեր, որոնք պետք է քննարկվեն»՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «կողմերը շատ ավելի մոտ են խաղաղությանը։ «Մենք այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»,- ասել է նա։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ բանակցություններին։ Զուգահեռաբար նա հավելել է, որ Բաքուն չի հրաժարվում մյուս կողմերի միջնորդական ջանքերից։ «Ադրբեջանն աջակցում է ուղիղ բանակցություններին, միևնույն ժամանակ մենք չենք հրաժարվում միջնորդական մյուս ջանքերից։ Խաղաղության հասնելուց հետո կարծում եմ, որ մյուս երկրներն ու գործընկերները նույնպես կարող են աջակցել դրան»,- ասել է Հաջիևը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել