
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի բնակչության կեսը տառապում է սովից
Գազայի հատվածի բնակիչների կեսը տառապում է խիստ սովից, իսկ 90 %-ը կանոնավոր սնունդ չի ստանում։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը՝ հղում անելով Պարենի համաշխարհային ծրագրին։
Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերի հայտարարության համաձայն՝ Գազայի բնակչության 50 %-ը գտնվում է ծայրահեղ կամ խիստ սովի վիճակում, իսկ բնակիչների 90 %-ը ողջ օրվա ընթացքում պարբերաբար մնում է առանց սննդի: Վերջին 70 օրվա ընթացքում Գազա է մտել անկլավի 2,2 միլիոն բնակիչների համար անհրաժեշտ պարենի միայն 10 %-ը։ Անկլավի հյուսիսային հատվածում իրավիճակը համարվում է աղետալի։
Դեկտեմբերի 17-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ Ալ-Հայան հայտարարել էր, որ Գազայի հատվածի բնակչության համար օրական 100 բեռնատար մարդասիրական օգնությունը բավարար չէ: Նրա կարծիքով՝ «Գազայի բնակիչներին օրական հարյուրավոր բեռնատարներ են անհրաժեշտ»։
Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Կառլ Սքաուն հայտարարել էր, որ ՄԱԿ-ն ուսումնասիրում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում սովը որպես զենք օգտագործելու մասին տվյալները, սակայն կառույցը դեռ վերջնական եզրակացության չի հանգել:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել