HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է աշխատում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն. դիտարկումներ սպառողից

Խնդիրը

Անհրաժեշտ էր բնակարանում ավելացնել գազի խողովակի 2-րդ կետ՝ ջեռուցման համակարգի կաթսան տեղադրելու նպատակով։

Ընթացակարգը

Սպառողը ինչպես կարգն է դիմում է ներկայացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ գործին ընթացք տալու նպատակով։ Դիմումը, ըստ սպառողի բնակության վայրի, սպառողը գրում է «Գազպրոմ Արմենիա»-ի Ֆուչիկի գրասենյակում, որտեղ դիմումը վերցնող աշխատակիցը նշում է, որ ընթացակարգը տևում է մինչև 15 օր։

Գործի հետագա ընթացքը

Դիմումից հետո անցնում է մեկ շաբաթ, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ոչ մի տեղեկատվություն սպառողը չի ստանում, օրինակ՝ ինչպես պետք է իրականացվեն աշխատանքները, ո՞ր օրը, ժամին։ Ուստի, սպառողը զանգահարում է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ Ֆուչիկի փողոցի վրա գտնվող մասնաճյուղ։ Տեղի աշխատակիցը ոչ բարյացակամ տոնայնությամբ հայտնում է, որ իրենց միակ ինժեները վատառողջ է, որի հետևանքով գործընթացը չեն կարող սկսել, սպառողը հարցնում է՝ այդ դեպքում ի՞նչ տարբերակներ կարող եք առաջարկել, ինչին ի պատասխան՝ աշխատակիցը տալիս է վատառողջ ինժեների հեռախոսահամարը, որպեսզի սպառողն ինքը կապ հաստատի ինժեների հետ։

Հեռախոսազանգի ընթացքում ինժեները նշում է, որ վատառողջ է և տալիս է ոմն հրշեջ ծառայության աշխատակցի հեռախոսահամար՝ ասելով, որ նա կարող է իրականացնել անհրաժեշտ չափումները։

Սպառողը զանգահարում է «Գազպրոմ Արմենիա»-ի իբր հրշեջ ծառայության աշխատակցին, ինչու՞ իբր, կպարզաբանվի մի քանի տող ներքև։ Տվյալ աշխատակիցը սպառողից ճշտում է բնակարանի հասցեն և մոտենում։ Չիրականացնելով որևէ չափում, որևէ գործողություն գործի հետ առնչվող՝ ասում է սպառողին, որ անհրաժեշտ է վճարել 7000 դրամ և ավելացնում, որ աշխատանքը անհրաժեշտ նյութերի հետ միասին 1 մետրի համար կարժենա 8000 դրամ։ Սպառողը հարցնում է, թե ինչի՞ համար է անհրաժեշտ վճարել 7000 դրամ և ինչպես է հաշվարկվում աշխատանքի՝ 1 մետրի համար 8000 դրամ արժեքը։

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցը ոչինչ չի բացատրում, նշում է, որ հարցերը պարզեք «Գազպրոմ Արմենիա»-ի գրասենյակում և հեռանում է։ Նույն օրը սպառողը գնում է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ Ֆուչիկի փողոցի վրա գտնվող գրասենյակ և բաժնի ղեկավարին ներկայացնում տեղի ունեցածը, այնուհետև հարցնում, թե ինչու՞ էր անհրաժեշտ վճարել 7000 դրամը։ Բաժնի ղեկավարն ասում է, որ անհրաժեշտ չէր վճարել 7000 դրամ, զանգում է այլ ինժեների (պարզվում է՝ կար նաև այլ ինժեներ), ով հենց նույն օրը մոտենում է սպառողի բնակարան չափումներ անելու։ Բաժնի ղեկավարը նշում է նաև, որ սպառողը պետք է դիմումը հասցնի «Գազպրոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակ (Չարենցի 141) և իրականացնի անհրաժեշտ ապրանքների (ճկուն խողովակ, գնդիկավոր փական, մանեկ, եռաբաշխիչ) գնումը։ Բացի այդ, ավելացնում է, որ վերոնշյալ ապրանքները պետք է գնել միմիայն «Զեգա» կոչվող խանութից, որը գտնվում է Մամիկոնյանց 58 հասցեում, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն դիմումը վերցնում է միայն այդ խանութի կտրոնի հետ միասին։ Պետք է նշել, որ «Զեգա» խանութում ճկուն խողովակի 1 մետրը մոտ 800 դրամով   թանկ է շուկայում առկա նույն խողովակներից։ Ինժեները բնակարանում իրականացնում է չափումները, այստեղ պետք է նշել, որ 1 մետրով քիչ է հաշվարկում խողովակի երկարությունը, ինչը ինժեների գնալուց հետո սպառողի կողմից չափումի արդյունքում է պարզվում։ Տվյալ ինժեները «լավության կարգով» թողնում է նաև սպառողի դիմումը՝ նշելով, որ ևս մեկ անգամ չգաք Ֆուչիկի մասնաճյուղային գրասենյակ, այլ միանգամից տանեք դիմումը «Գազպրոմ Արմենիա«-ի գլխամասային գրասենյակ։ Բացի այդ, կրկնում է նախորդ «հրշեջ ծառայության» աշխատակցի նշած գումարի չափը՝ ավելացնելով, որ տվյալ դեպքում ոչ մի անդորրագիր գնված ապրանքների համար չեն տրամադրելու։

Սպառողը որոշում է, որ կարևոր է գործընթացը կազմակերպել օրինական փաստաթղթերի, այդ թվում՝ անդորրագրերի առկայությամբ, ուստի հաջորդ օրը, չունենալով այլընտրանք, գնում է անհրաժեշտ ապրանքները «Զեգա» խանութից, վերցնում է կտրոնը և գնում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակ։ Տեղի աշխատակիցը, առանց բացատրելու, նշում է, որ անհրաժեշտ է վճարել 6000 դրամ հարակից «Արդշինինբանկ»-ում։ Սպառողի հարցմանը, թե հնարավո՞ր է առցանց կատարել վճարում, որտեղ հստակ կնշվի վճարման նպատակը, նշում է, որ ոչ՝ մոտեցեք կողքի «Արդշինին» բանկ, այնտեղ գիտեն։ Վճարումից հետո «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցը վերցնում է դիմումը, գնված ապրանքների կտրոնը և նշում, որ գործընթացը կտևի 15 օր։ Սպառողի դիտարկմանը, թե դիմումը գրվել է դեռևս 8 օր առաջ, մի՞թե չի հաշվարկվում այդ օրվանից, աշխատողը նշում է, թե իբր դա հայտ է, ոչ թե դիմում, այն դեպքում, երբ փաստաթղթի վրա հստակ գրված է «Դիմում», բացի այդ՝ տվյալ գրասենյակում սպառողին այդպես էլ որևէ դիմում չառաջարկվեց լրացնել, ստացվում է՝ առաջին անգամ լրացվածը հենց դիմումն էր։ Աշխատակիցը նշում է, որ սպառողի հետ կապ կհաստատեն, որպեսզի վերջինս կրկին այցելի իրենց գրասենյակ և վճարի ինժեների աշխատանքի համար։ Սպառողը հարցնում է, թե ինչքան կարժենա 6 մետր խողովակը պատին փակցնելու ծառայությունը, ինչին ի պատասխան՝ աշխատակիցը ասում է, որ չգիտի՝ կզանգեն կասեն, որից հետո կմոտենաք գլխամասային գրասենյակ և կվճարեք։

Անցնում է ևս 13 օր, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ից կրկին ոչ մի տեղեկատվություն սպառողը չի ստանում, ուստի սպառողն ինքն է զանգահարում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակ՝ 53-03-07 հեռախոսահամարով, ներքին համար՝ 22-41։ Ի դեպ, այս համարը տրամադրել է «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատուն՝ նշելով, որ հենց այս հեռախոսահամարով են պատասխանում քաղաքացիների դիմումներին։ Հեռախոսազանգին պատասխանողը ոչ բարյացակամ տոնայնությամբ հարցնում է՝ ինժեները գծագիր արե՞լ է, ինչին ի պատասխան՝ սպառողը նշում է, որ ինժեները պարզապես չափել է տարածությունը խողովակի տեղադրման համար և նշել, թե քանի մետր խողովակ է անհրաժեշտ գնել «Գազպրոմ Արմենիա»-ի նախընտրած խանութից, ոչ մի գծագիր, փաստաթուղթ չի լրացվել։ Սպառողը հարցնում է՝ ի՞նչ ընթացքի մեջ է իր դիմումը, և ե՞րբ է վերջապես համապատասխան աշխատակիցը անհրաժեշտ փաստաթղթերով մոտենալու բնակարան և իրականացնելու 6 մետր խողովակի մոնտաժային աշխատանքը։ Ի պատասխան՝ տվյալ աշխատակիցը ասում է, որ չգիտի, այնուհետև ասում է՝ տամ համար, զանգահարեք Ֆուչիկի գրասենյակ։ Սպառողը նշում է, որ հենց Ֆուչիկի գրասենյակից էին ուղղորդել դեպի Չարենցի գլխամասային գրասենյակ՝ նշելով, որ այդտեղից պետք է իրականացվեն անհրաժեշտ աշխատանքները։ Այնուհետև տվյալ աշխատակցի կողմից հնչում է հերթական անհեթեթությունը՝ մեր գրասենյակը կապ չունի Ֆուչիկի գրասենյակի հետ, այն դեպքում, երբ Չարենցի գլխամասային գրասենյակում վերցնում են Ֆուչիկի գրասենյակում գրված դիմումը, խոսակցության վերջում նաև ասում է, որ ինքը չի զբաղվում այդ հարցերով, պարզապես ցանկանում էր օգնել և ընդհանրապես սխալ համարով եք զանգել, ինչին սպառողը հակադարձում է՝ ասելով, որ այդ հեռախոսահամարը հենց «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատուն է տրամադրել։ Երբ սպառողը հեռախոսազանգին պատասխանողից հարցնում է անուն ազգանունը, վերջինս խուսափում է նույնիսկ ներկայանալ։

Նույն օրը, երբ բնակարանում բնակվող մյուս բնակիչը զանգահարում է Ֆուչիկի գրասենյակի ղեկավարին, վերջինս վերջապես ուղարկում է ինժեներին՝ խողովակը մոնտաժելու համար։ Տվյալ ծառայության համար բնակչին ասում են՝ ինժեներին առձեռն վճարել 5000 դրամ։ Նույնիսկ ավելորդ է նշել, որ բնակչին անդորրագիր, գործին առնչվող որևէ փաստաթուղթ չի տրամադրվում։

Պետք է նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նույն տրամաբանությամբ աշխատում է նաև անվտանգային սարքերի տեղադրման հարցում, երբ սարքերի հետ չեն տրամադրվում անհրաժեշտ փաստաթղթերը, որտեղ հստակ կերևար, որ սարքը անցել է լաբորատոր բոլոր անհրաժեշտ քննությունները, արդյունքում մի քանի անգամ տեղադրվել են պարզապես չաշխատող անվտանգային սարքեր։

Ինչ հետևություններ կարելի է անել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նման աշխատելաոճից՝

1․ Չկա մշակված հստակ ընթացակարգ, որին կարող է ծանոթանալ սպառողը, ինչն էլ հնարավորություն է տալիս տվյալ ընկերության ոչ բարեխիղճ աշխատակիցներին դրսևորել կամայականություններ, որի արդյունքում ոտնահարվում են սպառողի իրավունքները։

2․ Չկա ծառայությունների համար հստակ մշակված գնացանկ, ինչը կրկին հնարավորություն է տալիս անբարեխիղճ աշխատակիցներին պահանջել սպառողից ինչ չափի գումար կցանկանան։

3. Չկա անհրաժեշտ ապրանքներն այլ խանութներից գնելու ընտրություն։

4․ Եվ, վերջիվերջո, վերոնշյալ մոտեցումները կարող են առաջացնել գազի օգտագործման լուրջ անվտանգային խնդիրներ։

Գլխավոր լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանություններ (1)

Կորյուն
Նորմալ ռուսավարի գործընթաց է, հայկական մատուցմամբ։ ...Ու դրանից ազատվելու հնարավորություն էլ չկա։ Մի փոքրիկ դեպք հիշեցի.. Երեկոյան տուն մտնելուց նկատում եմ որ գազի հաշվիչի ապակին չկա, ու հաշվիչի տուփը թեքված կախված է։ Զանգում եմ տեսուչին, ասում է ինքն է հանել, որ լավ երևա ցուցմունքը։ Հարցնում եմ, իսկ հնարավոր չէր մաքրել, տեղը դնել ապակին, հաշվիչը լավ ձգել պատին?... Հաջորդ օրը ապակին դեղնադարչնագույն սքոչով կպցրած էր, (հիմա արդեն չկա ապակին ) իսկ հաշվիչը միայն ճկուն խողովակներից էր կախված մնացել։ Անցել է 2-3 տարի։ Նույն վիճակն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter