HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

510 մլն դրամ նոր հատկացում՝ կրթա-մշակութային հաստատությունների կապիտալ շինարարությանը

Կառավարության դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 510 մլն 592 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 804 մլն 641 հազար դրամի չափով, ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ հաղորդագրությունից։ 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, որը կրում է շարունակական բնույթ: 

Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նշված գործընթացն առաջնային և կարևոր խնդիրներից է կրթության և մշակույթի ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Ըստ նախարարի՝ որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ կապված ջեռուցման, տանիքի, սանհանգույցներ և այլնի հետ, և որոնց լուծման համար արդեն ապահովվել են բոլոր նախագծանախահաշվային անհրաժեշտ փաստաթղթերը։ Շինարարական աշխատանքների մասով ծախսը կկազմի 322.2 մլն դրամ, որը կվերաբերի 2 կրթական և 9 մշակութային հաստատությունների: Գույքային հագեցվածության նպատակով 3 կրթական և 4 մշակութային հաստատությունների կտրամադրվի 188.4մլն դրամ: 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 70.1 մլն ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի գույքով ապահովմանը: Շուրջ 440.5 մլն ՀՀ դրամ կհատկացվի մշակույթի ոլորտի կապիտալ ծրագրերի իրագործմանը:

Նախարարը նաև շեշտել է, որ որոշմամբ թույլտվություն է տրվում գնման պայմանագրերում կատարել որոշ փոփոխություններ, որոնք կապված են շինարարական աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգման և տնտեսումների օգտագործման հետ: 

Շինարարական աշխատանքների մասով նախատեսվում է՝ 

  • «Երևանի հ․ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ /գազաֆիկացում/
  • «Ե․ Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ /ջեռուցման համակարգի նորոգում/  
  • «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ
  • /սանհանգույցների նորոգում/
  • «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ /մուտքի դռան, պատուհանների փոխարինում/
  • «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ /շենքի նախամուտքի նորոգում/ 
  • «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /«Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի ցանկապատում և տարածքի բարեկարգում/
  • «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ /տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում/
  • «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ /սանհանգույցների նորոգում/
  • «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ /տանիքի մասնակի նորոգում/ 
  • «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ /տանիքի հիմնանորոգման ծավալների ավելացում/
  • «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ /տանիքի, հուշ–տնակի նորոգում, տարածքի բարեկարգում/

Գույքի հագեցվածություն՝

  • «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ /տեսահսկման համակարգ/ 
  • «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ /ազդանշանային համակարգ/
  • «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ /բեմի համար ձայնային և լուսային սարքավորումներ/
  • «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ /«Առնո Բաբաջանյան» համերգասրահի աթոռներ/
  • «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ /ՀԾ-հաշվապահություն համակարգչային ծրագիր/
  • «Որոտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ /միկրոավտոբուս/
  • «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ /աշակերտական գույք, մասնագիտական և համակարգչային տեխնիկա և գործիքներ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցմանը, նշել է, որ դրանք կտեղադրվեն երեք արգելոց-թանգարաններում, որոնցից մեկը պատմական Արտաշատ մայրաքաղաքն է:  Նա խնդրել է ԿԳՄՍ նախարարին ներկայացնել հարցի մանրամասները, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ իրականացվել է մոդուլային կենտրոնի նախագծի էսքիզային դիզայնի մշակում. «Մոդուլային կենտրոնն ունենալու է տոմսերի վաճառքի առանձին հատված, սանհանգույցներ, փոքր սրճարան, հուշանվերների վաճառքի կետ: Նախատեսում ենք նման կենտրոններ տեղադրել բոլոր արգելոցներում. այս փուլում դրանք տեղադրվելու են պատմական Արտաշատ մայրաքաղաքում, Լոռի բերդում, որտեղ մեծ ծավալի հիմնանորոգման և ամրակայման աշխատանքներ են տարվել, և Բջնիի պատմական ամրոցում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում»:  

Վարչապետը նկատել է՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ, և ՀՀ քաղաքացիներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն չունեն այնտեղ այցելելու. «Ես հանձնարարել եմ ապահովել պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատշաճ պահպանությունն և հասանելիությունը. աշակերտները պետք է հնարավորություն ունենան այցելել և իրենց համապատասխան դասաժամերն անցկացնել հենց տեղում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում մոդուլային և նորակառույց դպրոցներին գույքի տրամադրման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս օրերին դպրոցները ստանում են գույքի վերջին խմբաքանակները, և ավելի քան 90 տոկոսով բաշխումն արդեն իրականացվել է, որը կավարտվի մինչև տարեվերջ: 

Վարչապետը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվել է նաև, թե ինչ փուլում է դպրոցները լաբորատորիաներով հագեցնելու ծրագիրը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նորակառույց բոլոր դպրոցներին տրամադրվում են լաբորատորիաներ, իսկ մյուս դպրոցներում այն իրականացվում է Կառավարության ծրագրով՝ ամեն տարի ըստ մարզերի: 2023 թվականին լաբորատորիաներ են ստացել Արմավիրի մարզի բոլոր դպրոցները, իսկ 2024 թվականին դրանք կստանան միանգամից մի քանի մարզերի դպրոցներ՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի: Ընդ որում՝ դպրոցները ստանալու են լաբորատորիայի համար անհրաժեշտ և՛ գույք, և՛ սարքավորումներ:

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter